Եվրոպա

Բունդեսթագի ընտրություններում հաղթում է Մերցի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը․ Շոլցն ընդունել է պարտությունը

3 րոպեի ընթերցում

Բունդեսթագի ընտրություններում հաղթում է Մերցի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը․ Շոլցն ընդունել է պարտությունը

Գերմանիայի Դաշնային ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված նախնական պաշտոնական արդյունքների համաձայն՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորած պահպանողական Քրիստոնեական-դեմոկրատական միություն/Քրիստոնեական-սոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքը հաղթում է Գերմանիայի Բունդեսթագի արտահերթ ընտրություններում՝ հավաքելով ձայների 28,6%-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պետական հեռարձակողը։ 

Երկրորդ տեղում է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը (AfD)՝ 20,8%-ով, իսկ Գերմանիայի ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (SPD)՝ 16,4%-ով, երրորդ տեղում է։ Չորրորդ տեղը բաժին է ընկնում «Միություն 90/Կանաչներ» ձախ լիբերալներին ձայների 11,6%-ով, հինգերորդ տեղում է Ձախ կուսակցությունը՝ 8,8%-ով։  

Լիբերալ Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունը (FDP) և ձախ պոպուլիստական «Սառա Վագենկնեխտի միություն»-ը չեն կարողացել հաղթահարել Բունդեսթագ մտնելու համար սահմանված  5%-ի շեմը։ 

Ֆրիդրիխ Մերցը խոստացել է Գերմանիայի նոր կառավարություն ձևավորել մինչև Սուրբ Զատիկը՝ 2025 թվականի ապրիլի 21-ը։ Քաղաքական գործիչը հրաժարվել է խոսել այն մասին, թե ով կարող է միանալ դրան, սակայն ընդգծել է, որ իր կուսակցությունը չի կառավարելու երկիրը «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության (AfD) հետ միասին։

Փետրվարի 23-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ իր Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը պարտություն է կրել ընտրություններում։

«Սա ընտրությունների դառն արդյունք է Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության համար, սա պարտություն է», - ասել է Շոլցն իր համախոհներին ուղղված ուղերձում՝ ավելացնելով, որ անձամբ բանակցություններ չի վարելու Ֆրիդրիխ Մերցի և նրա դաշինքի հետ կոալիցիա կազմելու շուրջ և չի միանա նոր կառավարությանը։ 

«Ես առաջադրվել եմ կանցլերի պաշտոնի համար»,- եզրափակել է նա։  

Նա շնորհավորել է ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին հաղթանակի կապակցությամբ։ Եվ միևնույն ժամանակ կտրուկ է արտահայտվել իշխանության մեջ գտնվող ծայրահեղ աջ ուժերի դեմ՝ ընդգծելով, որ «դա չի կարելի թույլ տալ»:

Շոլցը նաև նշել է, որ կմնա կանցլեր մինչև նոր կառավարության ձևավորումը՝ հավելելով, որ իր համար մեծ պատիվ է լինել Գերմանիայի 9-րդ կանցլերը, և, հետևաբար, այս պաշտոնում աշխատելու է «մինչև վերջ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում