Հայաստանում մասնավորի և գիտության միջև կապը դեռևս թույլ է. մեկնարկել է դրանց համակարգմանն ու ամրապնդմանը միտված համաժողովը
4 րոպեի ընթերցում

Հայաստանի ամերիկյան համալսարանում ընթանում է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին գիտության և տեխնոլոգիաների միջոցով դիմակայելու հնարավորությունների քննարկմանը նվիրված երկօրյա համաժողով, որը կազմակերպել է «Գիտուժ» նախաձեռնությունը:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մասնակցում են գիտնականներ, գիտական և կրթական կառույցների ղեկավարներ, ինչպես նաև գործադիր և օրենսդիր մարմինների ու մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ։
«Գիտություն և տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» թեմայով համաժողովի առաջին օրը քննարկումներին ներգրավված էին հումանիտար և հասարակական գիտությունների ներկայացուցիչները: Խոսնակներն անդրադարձան Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, երկրի զարգացման տեսլականին, գիտական քաղաքականության ու դրա միջազգայնացման հարցերի։ Կազմակերպվեց պանելային չորս քննարկում:
«Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հաշվետու համաժողովի թեման բխում է հենց «Գիտուժ»-ի օրակարգից:
«Համոզված ենք, որ հասարակությունում առկա խնդիրները հնարավոր է լուծել միայն գիտական կարողությունները մեծացնելու, նման քննարկումների միջոցով խնդիրներին առերեսվելու և լուծումներ գտնելու միջոցով: Այդ առումով կարևորում ենք տարբեր հարթակներում խնդիրների մասին խոսելը: Մարտահրավերների լուծումները գիտության և տեխնոլոգիաների հարթությունում է: Որոշ դրական տեղաշարժեր ունենք, բայց հիմնականում շատ դանդաղ ենք առաջ շարժվում, չենք հասցնում ճիշտ գործիքակազմ մշակել՝ մարտահրավերներին դիմակայելու համար»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Պատասխանելով մեր թղթակցի հնչեցրած այն հարցին, թե ներկայում ռազմավարական ի՞նչ խնդիրներ են սահմանված հայրենի գիտության առջև՝ Լիլիթ Մարգարյանը նշեց. «Կարծում ենք, որ պետական նշանակության ռազմավարական նպատակները պետք է սահմանի պետությունը: Որևէ նախաձեռնություն, կառույց կամ միություն միայնակ չի կարող սահմանել Հայաստանի Հանրապետության ռազմավարական նպատակները: Մենք պարզապես ասում ենք, որ առանց այդ ռազմավարական նպատակները սահմանելու, առանց հասկանալու, թե, օրինակ, հումանիտար, հասարակական գիտություններից ինչ ենք ուզում, ինչ խնդիրներ ենք ցանկանում լուծել՝ չենք կարող առաջ շարժվել: Շատ կարևոր է, որ այդ ռազմավարական նպատակների ձևակերպմանը մասնակցեն նաև մեր լավագույն գիտնականները»:
Փետրվարի 15-ին քննարկումները նվիրված են լինելու ֆորմալ և բնական գիտություններին և տեխնոլոգիաներին: Ներկայացվելու են այդ ոլորտներում ռազմավարական նպատակները և դրանց իրականացման ճանապարհները, քննարկվելու են ինստիտուտների, համալսարանների և մասնավոր հատվածի դերին, ինչպես նաև պաշտպանական անվտանգությանը նվիրված հարցեր։ Վերջինը, ըստ Լիլիթ Մարգարյանի, ներառում է խնդիրների ավելի լայն շրջանակ, վերաբերում է ոչ միայն ռազմատեխնիկական մշակումների զարգացմանն, այլև հասարակական կարևորության խնդիրների լուծմանը՝ պարենային անվտանգություն, օդի աղտոտվածություն և այլն:
«Գիտուժ»-ի հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավարը գտնում է, որ ոչ մի պետություն չի կարող միայն իր ինստիտուցիոնալ կարողությունների, նախարարությունների միջոցով՝ առանց մասնավորի աջակցության, լուծել բոլոր հրատապ խնդիրները:
Արձանագրվեց, որ Հայաստանում ներկայում կա մասնավորի և գիտության միջև կապ, բայց այն թույլ է, անկանոն ու երբեմն ոչ արդյունավետ։
