Շիրակի մարզում դպրոցներում հաստիքների հարցում խիստ մոտեցում է ցուցաբերվելու
3 րոպեի ընթերցում

Հետայսու Շիրակի մարզի դպրոցներում ավելի խիստ մոտեցում է ցուցաբերվելու ավելորդ հաստիքների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշեց փետրվարի 12-ին մարզի դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
«Դրսից որևէ ազդեցություն դպրոցների վրա միանշանակ թույլ չեմ տալու։ Ավելորդ հաստիքներ որևէ կառույցից ու անձից որևէ ձևով դուք չեք ստանալու։ Հաստիք բացել, մարդկանց տեղավորել աշխատանքի և նմանատիպ խնդիրներ չպետք է ունենաք։ Այստեղ ուզում եմ նաև հաստիքացուցակներին անդրադառնալ՝ երբ ես ասում եմ, որ լիարժեք ազատություն եմ տալիս դպրոցների տնօրեններին գործելու լիազորությունների և օրենքի սահմաններում, միևնույն ժամանակ հետևողական եմ լինելու այն հանգամանքին, որ դպրոցներում խախտումներ չլինեն։ Դպրոցներում չեն լինելու մարդիկ, որոնք ուղղակի աշխատավարձ են ստանալու։ Մտածելով, որ հեռավոր մի գյուղում, որ մարզկենտրոնից հեռու է, մարզպետի աչքից հեռու է և կարող է տնօրենը, ասենք, որպես օպերատոր գրանցի մորաքրոջ աղջկան, և նա աշխատանքի չգնա՝ սա ամենաանընդունելի քայլն է ու օրենքով պատասխանատվության ենթակա է»,-նշեց մարզպետը:
Անդրադառնալով ոլորտում առկա հիմնահարցերին՝ Դավիթ Առուշանյանը վստահեցրեց, որ պատրաստ է իրավասությունների շրջանակում տնօրենների կողքին լինել, երաշխիք լինել յուրաքանչյուր հարցում, որը միտված կլինի կրթության որակի բարձրացմանը:
«Ինձ համար դպրոցն այն հաստատությունն է, որը զբաղվելու է միմիայն իր վրա դրված լիազորություններով։ Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ դպրոցն աշխատանքի տեղավորման գրասենյակ չէ։ Դպրոցների տնօրեններին տրված են բոլոր հնարավորությունները, և պետք է գործեն միայն օրենքի և իրենց լիազորությունների սահմաններում, և ես, որպես գործատու, դրա երաշխավորն եմ լինելու։ Արտաքին ազդեցություններ, լիազորությունների չարաշահումներ որևէ տեղ թույլ չեն տրվելու։ Սերունդներ կրթելն այն բացառիկ հնարավորություն է, որից կախված է մեր բոլորի ապագան. պետք է գիտակցեք, որ այսօր մեր կողմից թույլ տրված սխալների, թերացումների արդյունքում տարիներ անց պատասխան են տալու մեր երեխաները»,—հավելեց Շիրակի մարզպետը: