Ռուսաստանում հայտարարել են Դամասկոսի նոր իշխանությունների և Մոսկվայի միջև հաստատված երկխոսության մասին
2 րոպեի ընթերցում
Ժնևում` Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Սիրիայի նոր իշխանությունների միջև երկխոսություն է հաստատվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Գատիլովն ասել է ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում։
Խոսելով ռուս-սիրիական փոխհարաբերությունների ներկա իրադրության մասին՝ նա նշել է, որ քաղաքական երկխոսությունն արդեն հաստատված է կողմերի միջև։
«Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակին, ապա հաստատվել է երկխոսություն սիրիական նոր իշխանությունների հետ: Այս տարվա հունվարի վերջին Դամասկոս այցելեցին Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը, փոխարտգործնախարար Բոգդանովն, ինչպես նաև սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Լավրենտևը։ Այս շփումները զարգացնելով՝ սիրիական կողմի հետ սերտ համագործակցությամբ, կբացահայտվեն մեր երկու երկրների միջև տասնամյակների ընթացքում հաստատված և ամուր հիմքեր ունեցող համագործակցության հետագա զարգացման առաջնահերթ ոլորտները»,- ասել է նա։
Գատիլովը հավելել է, որ Ռուսաստանի և Սիրիայի հարաբերությունները պատեհապաշտական չեն, այլ ունեն խորը պատմական արմատներ և հիմնված են բարեկամության, փոխադարձ հարգանքի և ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա։
«Մեր երկիրը միշտ համարել և տեսնում է սիրիացիներին որպես մտերիմ և բարեկամ ժողովուրդ», - ընդգծել է մշտական ներկայացուցիչը։
2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից ու լքեց երկիրը։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ասադն իր ընտանիքի հետ ապաստան է ստացել Մոսկվայում։
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան հունվարի 29-ին հռչակվել է Սիրիայի նախագահ՝ անցումային շրջանով, որը, ըստ նրա, կարող է տևել մինչև հինգ տարի: