Թրամփը կարծում է, որ ինքը և Պուտինը կցանկանային համաձայնության գալ Ուկրաինայի հարցով գործարքի շուրջ
2 րոպեի ընթերցում
![Թրամփը կարծում է, որ ինքը և Պուտինը կցանկանային համաձայնության գալ Ուկրաինայի հարցով գործարքի շուրջ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/11/MSN9Aj9ltvOdkvwfFet2bqFdc0amcPe9sWg958qu.webp)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ թե՛ ինքը, թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կցանկանային գործարք կնքել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ շփվելիս։
Թրամփին խնդրել են պարզաբանել, թե ռուսական կողմի հետ շփման ընթացքում նա փորձում է արդյոք պայմանավորվել ՌԴ նախագահի հետ հանդիպման մասին։
«Դե, ես չեմ կարող ձեզ ասել, թե ինչի մասին եմ խոսում, բայց մենք բանակցություններ ենք վարում խմբային մակարդակով: Կարծում եմ, որ նա կցանկանար գործարք կնքել, բայց տանգոյի համար անհրաժեշտ են երկուսը», - ասել է նա:
Թրամփը հրաժարվել է ուղղակիորեն պատասխանել այն հարցին, թե անմիջականորեն շփվել է արդյոք Պուտինի հետ։
«Չեմ ցանկանում խոսել դրա մասին, դա ձեզ չի օգնի: Բայց մենք կցանկանայինք գործարք կնքել, եթե դա հնարավոր է», - նշել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը վերջին շաբաթներին շատ անգամ է ցանկություն և պատրաստակամություն հայտնել զրուցելու Պուտինի հետ։ Ընդ որում, որևէ կայացած շփման մասին պաշտոնապես չի հաղորդվել: Թրամփի հետ Պուտինի վերջին զրույցը, որի մասին տեղեկությունը կա Կրեմլի կայքում, թվագրված է 2020 թվականի հուլիսի 23-ով։
Բացի այդ, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հայտնել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում մեծ առաջընթաց է գրանցվել։
«Կարծում եմ, որ մենք հսկայական առաջընթաց ենք գրանցել վերջին շաբաթվա ընթացքում: Մենք գործ ունենք Ռուսաստանի հետ, մենք գործ ունենք Ուկրաինայի հետ: Կարծում եմ՝ ինչ-որ բան տեղի կունենա», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տանը լրագրողների հետ շփման ընթացքում ԱՄՆ նախագահը հնարավոր է համարել, որ այս շաբաթ կզրուցի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։