1 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆինանսների նախարարությանը կարգադրել է դադարեցնել 1 ցենտանոց մետաղադրամների արտադրությունը, քանի որ դրանց գինը բավական բարձր է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է իր Truth Social սոցիալական հարթակում։
«Շատ երկար ժամանակ Միացյալ Նահանգները ցենտանոցներ է հատել, որոնք բառացիորեն մեզ համար արժեցել են ավելի քան 2 ցենտ: Սա մեծ վատնում է: Ես հանձնարարել եմ ԱՄՆ ֆինանսների նախարարին դադարեցնել նոր ցենտանոցներ արտադրելը։ Եկեք վերացնենք վատնումը մեր հզոր ազգի բյուջեից, նույնիսկ եթե դա մեկ ցենտ է», - գրել է Թրամփը:
CNN-ը գրում է, որ տարիներ շարունակ շատերն են արտահայտվել 1 ցենտանոցի արտադրությունը դադարեցնելու օգտին։ Դա հատկապես մեծ թափ է ստացել այն բանից հետո, երբ Իլոն Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE) գրառում էր կատարել՝ ուշադրություն հրավիրելով 1 ցենտանոցի արտադրության բարձր արժեքի վրա։
2024 ֆինանսական տարվա տարեկան հաշվետվության մեջ ԱՄՆ դրամահատարանը հայտնել էր, որ 1 ցենտանոցն արտադրելու և բաշխելու համար ծախսվում է մոտ 3,7 ցենտ՝ նախորդ տարվանից շուրջ 20%-ով ավելի։ Դա պայմանավորված է նաև մետաղների, այդ թվում՝ ցինկի և պղնձի գների բարձրացմամբ։