Տնտեսություն

Ի՞նչ օգուտներ կարող է ստանալ հայկական բիզնեսը. ԵԱՏՄ նախարարը պարզաբանել է ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Ի՞նչ օգուտներ կարող է ստանալ հայկական բիզնեսը. ԵԱՏՄ նախարարը պարզաբանել է ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերը

Եվրասիական միջկառավարական խորհրդի հանձնարարականի համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ կմշակի ֆինանսական աջակցության մեխանիզմների ընդլայնման կարգը՝ ագրոարդյունաբերական համալիրի և դրա ենթակառուցվածքի համատեղ կոոպերացիոն ծրագրերի համար։ 

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը։ 

«ԵԱՏՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները բազմիցս ընդգծել են հետագա համագործակցության անհրաժեշտությունը նորարարական զարգացման և սերմնաբուծության ոլորտներում, տարածաշրջանային ավելացված արժեքի շղթաների ստեղծման, պարենային արտադրության համատեղ ծրագրերի ֆինանսավորման, ինչպես նաև լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման հարցերում»,- նշել է Բարսեղյանը։

Նախարարի խոսքով՝ ԵԱՏՄ երկրների ագրոարդյունաբերական համալիրի ներկայիս վիճակի վերլուծության և համագործակցության ծրագրերի իրականացման հետ կապված ոլորտային խնդիրների հիման վրա Հանձնաժողովն առանձնացրել է մի շարք առաջնահերթ ուղղություններ, այդ թվում՝

ա) գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության զարգացում,

բ) անասնապահություն,

գ) գյուղատնտեսական արտադրանքի վերամշակում,

դ) գյուղատնտեսական ենթակառուցվածքի կատարելագործում։

Անդրադառնալով ծրագրի լիարժեք գործարկման դեպքում ՀՀ տնտեսվարողների հնարավոր օգուտների մասին հարցին՝ Բարսեղյանը նշել է, որ  ֆինանսական աջակցության մեխանիզմների կիրառումը Հայաստանի Հանրապետության կողմից կնպաստի երկրի ագրոարդյունաբերական  համալիրի տեխնոլոգիական զարգացմանը՝ ապահովելով Հայաստանի համար նոր բարձր տեխնոլոգիական արտադրությունների մշակման և ներդրման հասանելիություն՝ մրցունակ արտադրանք արտադրելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում