Podcast. Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ Բուկինիստ խանութներում մեկնարկել է «Սիրո խոստովանություն գրքով» միջոցառումը

3 րոպեի ընթերցում

Սիրահարների տոնին ընդառաջ «Բուկինիստ» գրախանութների ցանցը Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ իրականացնում է «Իմ գաղտնի գրքասեր կամ սիրո խոստովանություն գրքով» միջոցառումը։ Արդեն ինը տարի իրականացվող նախաձեռնության մասին «Արմենպրես» փոդքասթի շրջանակում զրուցել ենք «Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ։  

Կազմակերպիչների խոսքով՝ այս միջոցառումը նպատակ ունի խրախուսել ընթերցանությունը, սեր արթնացնել դեպի գիրքը, որը գիտելիքի աղբյուր է և, ինչու չէ, սիրելիին սեր խոստովանել՝ գիրք նվիրելով։ 

«Այս համատեղ նախաձեռնությունը դարձավ շատ սպասված և սիրված։ Եվ ամեն տարի միջոցառման մասնակիցների արձագանքը և դրական էմոցիաները տեսնելով՝ մենք ավելի ոգևորությամբ ենք պատրաստվում։ Տոնին մասնակցում են բոլորը՝ մեծահասակներ, երիտասարդներ, սիրահար զույգեր, երեխաներ, ովքեր անակընկալ են պատրաստում ծնողների, տատիկների ու պապիկների համար։ Ցանկացողները հնարավորություն ունեն մինչև փետրվարի 13-ը գիրք գնել 20% զեղչով «Բուկինիստ» գրախանութների ցանցից և փետրվարի  15-ին՝ Սուրբ Սարգսի տոնի օրը մասնակցել խաղարկությանը։ Միջոցառման գործընկերների կողմից մասնակիցներին սպասվում են անակնկալ նվերներ՝ կինոթատրոնի, թանգարանի տոմսեր, հանգստի փաթեթներ և մի շարք այլ նվերներ,-ներկայացրեց Խաչիկ Վարդանյանը։

Անդրադառնալով ամեն տարի փետրվարի 19-ին նշվող գրքի տոնին, Վարդանյանն ասաց․ «Մեծ ուրախությամբ պիտի ասեմ, որ փետրվարի 19-ին էլ նշում ենք արդեն ավանդույթ դարձած գրքի տոնը։ Այդ մեկ շաբաթվա ընթացքում մեծ ակտիվություն է նկատվում բոլոր գրախանութներում։ Տարեցտարի ավելացող գրքերի վաճառքը հուշում է տոնի սպասված լինելու մասին։ Երբեք հայ ընթերցողն այսքան լայն ընտրության հնարավորություն չի ունեցել։ Մեր հրատարակիչները մեծ առաջընթաց ունեն։ Փորփրում և գտնում են աշխարհի մասշտաբով լավագույնը համարվող տպագրված գրքերը, որոնք դարձել են բեսթսելլեր և դրանք թարգմանում ու մատուցում են հայ ընթերցասերներին։ Առաջին տպաքանակի սպառվելուց հետո հրատարակիչները դեռ մի քանի անգամ վերահրատարակում են այդ նույն գրքերը»։

 

Զրույցի մանրամասները լսեք Podcast-ում 

Հայերեն