Գրետա Թունբերգին մեղադրել են Ստոկհոլմում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությանը չենթարկվելու մեջ

2 րոպեի ընթերցում

Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգին մեղադրանք է առաջադրվել 2024 թվականի մայիսին Ստոկհոլմում պաղեստինամետ բողոքի ցույցի ժամանակ իրավապահներին չենթարկվելու համար: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Նշվում է, որ 2024 թվականի մայիսին Ստոկհոլմի տեխնոլոգիական թագավորական ինստիտուտում բողոքի ցույց է տեղի ունեցել ի պաշտպանություն Պաղեստինի, միջոցառումը չի համաձայնեցվել ոստիկանության հետ։

«Գրեթե բոլոր ցուցարարներին ոստիկանները բերման են ենթարկել տեղում, նրանցից 7-ին, այդ թվում՝ Գրետա Թունբերգին, մեղադրանք է առաջադրվել ոստիկանությանը չենթարկվելու համար», - ասված է հաղորդագրության մեջ։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Թունբերգն աղմկել է, բղավել, թակել պատուհանները և չի լսել ոստիկանության հորդորները։

Թունբերգը պարբերաբար մասնակցում է տարբեր բողոքի ակցիաների ոչ միայն Շվեդիայում, այլ նաև այլ երկրներում։ 2024 թվականի նոյեմբերին ակտիվիստը Թբիլիսիում մասնակցել է վրացական ընդդիմության բողոքի ցույցին՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների։ Հոկտեմբերին Թունբերգը ձերբակալվել է Բրյուսելում՝ կլիմայի հանրահավաքի ժամանակ իշխանություններին անհնազանդություն ցուցաբերելու համար, իսկ ավելի վաղ, հուլիսին ոստիկանությունը Թունբերգին բերման էր ենթարկել Հաագայի ցույցից։

 

 

Հայերեն Русский