Մերձավոր Արևելք

Իրաքի նախագահը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը մինչև տարեվերջ կավարտեն առաքելությունը երկրում

3 րոպեի ընթերցում

Իրաքի նախագահը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը մինչև տարեվերջ կավարտեն առաքելությունը երկրում

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զորակազմը, որը տեղակայված է Իրաքում, ամենայն հավանականությամբ, մինչև 2025 թվականի վերջը կավարտի իր առջև դրած խնդիրների կատարումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրաքի նախագահ Աբդ ալ-Լատիֆ Ռաշիդը Nikkei Asia-ին տված հարցազրույցում։

«Կա որոշակի ըմբռնում, որ հաջորդ տարի նրանց առաքելությունը կավարտվի։ Պարտադիր չէ, որ նրանց ուժերի դուրսբերումը տեղի ունենա հաջորդ տարի կամ այս տարի», - ասել է նա։

Իրաքի նախագահը պարզաբանել է, որ երկրից օտարերկրյա զորակազմի ստորաբաժանումների դուրսբերման կոնկրետ ժամկետները կհամաձայնեցվեն երկու կողմերի փոխըմբռնմամբ։ Նրա կարծիքով՝ ուժերին դուրս բերելու գործընթացը չպետք է հապճեպ լինի՝ հատկապես հաշվի առնելով այն նոր ռիսկերը, որոնք Իրաքի համար առաջացել են 2024 թվականի վերջին հարևան Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Աբդ ալ-Լատիֆ Ռաշիդը խոսքով՝ բազմաթիվ ահաբեկչական խմբավորումներ կան Սիրիայի տարածքում, մասնավորապես՝ Իրաքի հետ սահմանին։ 

«Մենք ցանկանում ենք, որ Սիրիայի անցումային կառավարությունը լուրջ քայլեր ձեռնարկի, որպեսզի ահաբեկիչները չհատեն սահմանը կամ որևէ կերպ չհարձակվեն տարածաշրջանի վրա», - ընդգծել է Ռաշիդը։

Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կհաջողվի կարգավորել մերձավորարևելյան տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունները, ինչը թույլ կտա ինչպես Իրաքին, այնպես էլ մյուս երկրներին կարգավորել տնտեսական խնդիրները։

2020 թվականի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով պահանջում է բոլոր օտարերկրյա ուժերը դուրս բերել հանրապետությունից։ 2021 թվականի մարտին Իրաքի իշխանությունները հայտարարեցին, որ հանրապետությունում ամերիկյան զորքերի թիվը չի գերազանցում 2500-ը։ 2021 թվականի դեկտեմբերին Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ միջազգային կոալիցիան ավարտել է իր զորքերը երկրից դուրս բերելու գործողությունը, սակայն պահպանել է ներկայությունը ռազմական խորհրդատուների մակարդակով։

2003 թվականի մարտի 20-ին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան լայնածավալ ռազմական գործողություն էր սկսել Իրաքի դեմ, որը կոչվում էր «Իրաքի ազատություն»։ Օտարերկրյա ուժերի ներխուժումը, նախագահ Սադամ Հուսեյնի տապալումը և տարիներ շարունակվող մարտերը երկիրը ներքաշել էին միջէթնիկ և միջկրոնական պատերազմի քաոսի մեջ: Իրաքի տարածքը դարձել էր բազմաթիվ ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ «Ալ-Քաիդայի» և «Իսլամական պետության» (ԻՊ) հենակետը: Մինչև 2014 թվականը երկրի տարածքի ավելի քան 60%-ը գտնվում էր ԻՊ-ի զինյալների վերահսկողության տակ, և միայն 2017 թվականի վերջին, ԱՄՆ-ի հովանու ներքո նոր միջազգային կոալիցիայի աջակցությամբ, իրաքյան զորքերը հանրապետության շրջանները ազատագրեցին զինյալ խմբավորումներից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում