Օդն աղտոտող կայանքի գործունեությունը կասեցվել է. ԲԸՏՄ

1 րոպեի ընթերցում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել  Լոռու մարզի Միխայելովկա համայնքում գործող «Ճանապարհ» ՍՊԸ-ում ու արձանագրել մի շարք խախտումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում են արձանագրված խախտումները: Դրանք են.

  • Բազալտի խճի վերամշակման համար նախատեսված ջարդիչ տեսակավորման կայանքը գործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության:
  • Ասֆալտբետոնի արտադրամասի գազի վառարանների շահագործումը նույնպես կազմակերպվել է առանց համապատասխան թույլտվության։ 

Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ջարդիչ տեսակավորման կայանքի և գազի վառարանների ապօրինի շահագործումը։

Նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել է 4.000.000 դրամը գերազանցող վնասի փոխհատուցման պահանջ։

 

Հայերեն