Տնտեսություն

Բաբկեն Թունյանը հերքում է լուրերը, թե եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման համատեքստում բանկային գաղտնիքը վերացվել է

2 րոպեի ընթերցում

Բաբկեն Թունյանը հերքում է լուրերը, թե եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման համատեքստում բանկային գաղտնիքը վերացվել է

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը հերքում է տարածվող լուրերը, թե եկամուտների հայտարարագրման կոնտեքստում պետական կառույցներն ու դրանց աշխատակիցները կարող են ստանալ ցանկացած տեղեկատվություն քաղաքացիների բանկային հաշվի վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թունյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Եկամուտների հայտարարագրման համակարգի մասին խոսելիս՝ որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում, թե բանկային գաղտնիքը վերացվել է, և պետական կառույցներն ու դրանց աշխատակիցները կարող են ստանալ ցանկացած տեղեկատվություն ձեր բանկային հաշվի վերաբերյալ: 

ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ

Պետությունը, պետական կառույցները ձեր բանկային հաշիվներին հասանելիություն չունեն:

Պետությունը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել կամ դուք ում եք փոխանցել:

Պետությունը չի տեսնում՝ ձեզ քանի անգամ կամ երբ են գումար փոխանցել կամ դուք քանի անգամ եք փոխանցել:

Պետությունը չի տեսնում՝ ամեն անգամ ձեզ որքան գումար են փոխանցել կամ դուք որքան եք փոխանցել:

Պետությունը չի տեսնում ձեր հաշվի մուտքերի կամ ելքերի նպատակները:

Ի՞նչ է տեսնում պետությունը (տվյալ դեպքում ՊԵԿ-ը):

Բանկից ստանում է ընդամենը 2 թիվ. ձեր հաշիվներին տարվա ընթացքում կատարված դրամական մուտքերի հանրագումարը և ելքերի հանրագումարը:

Ձեր բանկային հաշվի վերաբերյալ ցանկացած այլ տվյալի պետությունը կարող է հասանելիություն ունենալ միայն ձեր համաձայնությամբ (եթե դուք անհրաժեշտության դեպքում տրամադրեք քաղվածքը) կամ դատարանի որոշմամբ»,- գրել է պատգամավորը:

Հայաստանում բոլոր աշխատող քաղաքացիները պետք է մինչև 2025 թվականի մայիսի 1-ը պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիրը։ Անձնական փոխանցումները հայտարարագրելու կարիք չի լինի, եթե մեկ գործարքը չի գերազանցի 300 հազար դրամը։ 300 հազար դրամը գերազանցելու դեպքում անձնական փոխանցումները հայտարարագրվելու է, սակայն չի հարկվելու։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում