Սաուդյան Արաբիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել տնտեսագիտության բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ռոբինսոնի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Ջեյմս Ռոբինսոնն անդրադարձել է մարդկային կապիտալի զարգացման, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի աճի և աշխատուժի առաջարկի վերաբերյալ մի շարք հարցերի. գերակայություններ, որոնք ընկած են ՀՀ զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարության հիմքում։
Հանդիպման ավարտին Ջեյմս Ռոբինսոնը նշել է, որ հետաքրքրված է Հայաստան այցով։
Ջեյմս Ռոբինսոնը Նոբելյան մրցանակը կիսում է աշխարհահռչակ հայազգի գիտնական Դարոն Աճեմօղլուի և հետազոտող Սայմոն Ջոնսոնի հետ. Աճեմօղլուն ու Ռոբինսոնը «Ինչո՞ւ են ձախողվում պետությունները» (Why nations fail) համաշխարհային ճանաչում ունեցող գրքի հեղինակներն են։