Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի ղեկավար Գրեգ Էբոթի հրամանով՝ ավելի քան 400 հավելյալ զինվորական, ինչպես նաև ինքնաթիռներ և ուղղաթիռներ կուղարկվեն Մեքսիկայի հետ սահման՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու նպատակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Տեխասի նահանգապետի գրասենյակը:
«Տեխասի մարտավարական սահմանապահ ուժերը կտեղակայեն ավելի քան 400 լրացուցիչ զորքեր, ինչպես նաև C-130 ինքնաթիռներ և Chinook ուղղաթիռներ՝ միանալով Տեխասի ազգային գվարդիայի հազարավոր զորքերին, որոնք արդեն տեղակայված են սահմանին», - ասվում է նահանգապետարանի հայտարարության մեջ:
Նահանգապետի հայտարարության մեջ նշվում է, որ վերջին չորս տարիների ընթացքում Տեխասը կանգնել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի սահմանային ճգնաժամի և ամերիկացիներին պաշտպանելու մերժման դեմ։
«Վերջապես, մենք ունենք դաշնային կառավարություն, որն աշխատում է վերջ դնել այս ճգնաժամին: Ես շնորհակալ եմ նախագահ Դոնալդ Թրամփին հարավային սահմանին իր վճռական առաջնորդության համար և անհամբերությամբ սպասում եմ նրա և վարչակազմի հետ աշխատելուն՝ սահմանն ապահովելու և Ամերիկան նորից անվտանգ դարձնելու համար»,-նշված է հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դադարեցնել անօրինական ներգաղթյալների հոսքը երկիր, որը նախորդ վարչակազմի օրոք հասել է ռեկորդային մակարդակի։ Զինվորական անձնակազմին հրամայվել է տեղակայվել սահմանապահ ծառայությանն աջակցելու համար։