Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

8 րոպեի ընթերցում

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրն, ըստ որի՝ տնտեսական աճի տեմպը դանդաղել է՝ 2024-ի նոյեմբերին կազմելով 1.2 տոկոս (տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ տ/տ)՝ պայմանավորված արդյունաբերության կտրուկ կրճատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է, որ զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքերը  շարունակել են նվազել, գնաճը դեկտեմբերին բարձրացել է մինչև 1.5 տոկոս (տ/տ), առևտրաշրջանառությունը նվազել է (տ/տ)՝ ոսկու և ոսկերչական իրերի վերաարտահանման նվազելու պատճառով, իսկ բյուջեի պակասուրդը նոյեմբերին ավելացել է և աճողական կարգով կազմել ՀՆԱ-ի 2․3 տոկոսը, որը հավասար է 2024 թ․ կանխատեսված տարեկան ցուցանիշի կեսին։

«Նոյեմբերին տնտեսական ակտիվության աճի ցուցանիշն իջավ՝ հոկտեմբերի 4․2 տոկոսից կազմելով 1.2 տոկոս (տ/տ)։ Նոյեմբերի անկումը հիմնականում պայմանավորված էր 19 տոկոսով արդյունաբերության կրճատմամբ (տ/տ), որի վրա ազդել էին  մշակող արդյունաբերության 24.4 տոկոսով (տ/տ) և հանքարդյունաբերության (տ/տ) 6.9 տոկոսով նվազումը։ Մշակող արդյունաբերության թողարկումը հիմնականում նվազեց գունավոր մետաղների արտադրության ծավալների 70 տոկոսով կրճատման հետևանքով։ Մշակող արդյունաբերության մյուս հիմնական խմբերը, ինչպիսիք են՝ սննդամթերքը, ծխախոտը և խմիչքները, շարունակեցին աճել։ Բոլոր մյուս ոլորտներն աճել են՝ ծառայությունները (բացառությամբ առևտրի) կրկնապատկվել են՝ հոկտեմբերի 5.2 տոկոսից (տ/տ) նոյեմբերին կազմելով 10.4 տոկոս (տ/տ), շինարարության և առևտրի երկնիշ աճը շարունակվել է։ Աճողական կարգով՝ հունվար-նոյեմբեր ամիսներին  աճի  ցուցանիշը հասավ 7.4 տոկոսի (տ/տ)՝ պայմանավորված 18 տոկոսով առևտրի աճով (տ/տ)։

Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները նոյեմբերին 14.3 տոկոսով նվազեցին (ա/ա՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ)։  Զուտ ներհոսքերը նվազեցին (ա/ա) բոլոր աղբյուրներից, այդ թվում՝ Ռուսաստանից (6.2 տոկոս, ա/ա), Միացյալ Նահանգներից (6.4 տոկոս, ա/ա) և այլ երկրներից (69 տոկոս, ա/ա)։  2023 թ. նոյեմբերի համեմատ զուտ ներհոսքերը 21.7 տոկոսով պակաս էին (տ/տ) հիմնականում Ռուսաստանից զուտ ներհոսքերի նվազման պատճառով։  

Դեկտեմբերին գնաճը բարձրացավ մինչև 1.5 տոկոս (տ/տ), որը 2023 թ․ ապրիլից սկսած ամենաբարձր տեմպն էր (պատկեր 3)։ Ասվածը պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ավելի բարձր գնաճով (դեկտեմբերին 2 տոկոս, տ/տ՝ բարձրանալով նոյեմբերի 1.7 տոկոսից), և առողջապահության մասով, որը նոյեմբերի 2․5 տոկոսից (տ/տ) բարձրանալով դեկտեմբերին կազմեց 3.2 տոկոս (տ/տ)։ Դեկտեմբերին շարունակեցին նվազել հագուստի և կոշկեղենի (նվազումը՝ 2.6 տոկոս, տ/տ), կահավորանքի և կենցաղային տեխնիկայի (նվազումը՝ 2.5 տոկոս, տ/տ) և բնակարանային-կոմունալ տնտեսության գները (նվազումը՝ 0.2 տոկոս, տ/տ)։ 2024 թ․ միջին գնաճը  0.3 տոկոս էր՝ 2023 թ․ 2 տոկոսի համեմատ։ 2024 թ․ դեկտեմբերին 10-ին  ՀՀ ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքը 25 բազիսային կետով իջեցրեց 7 տոկոսի՝ աճողական կարգով 2024 թ․ կրճատումը հասցնելով 225 բազիսային կետի։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերադարձել է 2022 թ․ օգոստոսի մակարդակին»,- ասվում է ամփոփագրում։ 

Ըստ փաստաթղթի հեղինակների՝ 2024-ի նոյեմբերին, նախորդ ամիսների բարձր աճից հետո, առևտրաշրջանառությունը նվազել է (տ/տ)։ Արտահանումը նոյեմբերին նվազել է 35 տոկոսով (տ/տ)՝ հոկտեմբերին 23.6 տոկոսով (տ/տ) աճելուց հետո։ Ներմուծումը ևս նվազել է 21.4 տոկոսով՝ հոկտեմբերին 9.2 տոկոսով (տ/տ) ավելանալուց հետո։ «Նոյեմբերի կտրուկ անկումը պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման (նվազումը 64.6 տոկոս, տ/տ) և ներմուծման (նվազումը 70.6 տոկոս, տ/տ) ավելի ցածր ցուցանիշով, որը բացատրվում է վերաարտահանման այս ապրանքախմբի համեմատության բազայի բարձր ազդեցությամբ, որը 2023 թ․ նոյեմբերին սկսել էր շեշտակի աճել։ Տրանսպորտային միջոցների արտահանումը և ներմուծումը նվազեցին, համապատասխանաբար, 54 (տ/տ) և 35 տոկոսով (տ/տ)՝ հաջորդելով Վրաստանի կողմից դեպի Ռուսաստան մեքենաների վերաարտահանման  արգելքին։ Արտահանման մյուս ապրանքախմբերում տ/տ աճ արձանագրվեց, բացառությամբ յուղերի և ճարպերի (նվազումը՝ 56 տոկոս, տ/տ) և փայտյա իրերի  (նվազումը՝ 13 տոկոս, տ/տ)։ Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը և տրանսպորտային միջոցները (խոշոր իրերի վերաարտահանումը) հաշվի չառելու դեպքում ընդհանուր արտահանումն աճը 32 տոկոս էր (տ/տ)։  Նոյեմբերը ներառյալ՝ աճողական կարգով արտահանումն ու ներմուծումն աճել են, համապատասխանաբար, 73.9 տոկոսով (տ/տ) և 41.5  տոկոսով (տ/տ), ընդ որում, առևտրի պակասուրդը նվազել է 13.9 տոկոսով (տ/տ)։  

Դեկտեմբերին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի և ռուբլու նկատմամբ փոքր-ինչ արժեզրկվեց։ ՀՀ դրամի արժեզրկումը սկսեց դեկտեմբերի սկզբին, սակայն ամսվա ընթացքում ավելի ուշ կայունացավ։ Դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ դրամն  ԱՄՆ դոլարի նկատմամբ թուլացել էր 0.5 տոկոսով (ա/ա), իսկ ռուբլու նկատմամբ՝ 1.4 տոկոսով (ա/ա)։ Դեկտեմբերի վերջին միջազգային պահուստները  3.7 միլիարդ ԱՄՆ դոլար էին (2.5 ամսվա ներմուծման ծածկույթ)։

Առևտրային բանկերի ավանդները նոյեմբերին ավելացան 2.3 տոկոսով (ա/ա), իսկ վարկերը՝ 2.6 տոկոսով (ա/ա)՝ ՀՀ դրամով արտահայտված միջոցների հաշվին։ Փոխարժեքով ճշտված ավանդները նոյեմբերին աճեցին  10.4 տոկոսով (տ/տ), իսկ վարկերը՝ 22.1  տոկոսով (տ/տ)։ Նոյեմբերին ֆինանսական առողջ ցուցանիշները պահպանվեցին։ Կապիտալի համարժեքության ցուցանիշը (CAR) նվազեց 0.1 տոկոսային կետով՝ կազմելով 20.4 տոկոս։ Չաշխատող վարկերի (NPL) հարաբերակցությունը ցածր մնաց՝  1.2  տոկոս, իսկ եկամտաբերությունն ըստ ակտիվների փոքր-ինչ նվազեց՝ կազմելով 4․3 տոկոս, հոկտեմբերի 4․5 տոկոսի համեմատ»,- հայտնում է Համաշխարհային բանկը։ 

Նշվում է նաև, որ բյուջեի պակասուրդը 2024-ի նոյեմբերին նվազել է մինչև 20.7 միլիարդ ՀՀ դրամ (հոկտեմբերի 138.5 միլիարդ ՀՀ դրամի համեմատ)։ Հարկային եկամուտները (այդ թվում՝ հիփոթեքի հետ կապված եկամտային հարկը) անվանական արտահայտությամբ աճել են 11.1 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված ԱԱՀ (15.7 տոկոս, տ/տ) և եկամտային հարկի (15 տոկոս, տ/տ) աճով։ Սակայն շահութահարկերը նվազել են 32 տոկոսով (տ/տ)։ Ընդհանուր ծախսերը նոյեմբերին նվազել են 0.8 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում պաշտպանական ծախսերի նվազման հաշվին  (նվազումը՝ 45.2 տոկոս, տ/տ)։ Սա մասամբ փոխհատուցվել է սոցիալական պաշտպանության ծախսերի 35 տոկոսով (տ/տ) բարձրացմամբ՝ փախստականներին աջակցությունը շարունակվել է։ Կապիտալ ծախսերը նոյեմբերին նվազել են 44.5 տոկոսով (տ/տ)՝ աճողական կարգով հասնելով ՀՆԱ-ի 3.8 տոկոսին՝ 2024-ի կանխատեսման 55 տոկոսին։ Աճողական կարգով բյուջեի պակասուրդը հասել է 232.2 միլիարդ ՀՀ դրամի, որը համարժեք է տարեկան ՀՆԱ-ի 2.3 տոկոսին՝ համեմատած 2024 թ․ բյուջեի 4.7 տոկոսի չափով կանխատեսվող պակասուրդի հետ։

Հայերեն العربية

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում