Եվրոպական միությունը որոշել է դադարեցնել Վրաստանի հետ վիզային դյուրացման պայմանագրի որոշ դրույթներ։ Այս որոշումը հիմնականում կազդի Վրաստանի պաշտոնական պատվիրակությունների անդամների վրա, որոնք մասնակցում են միջկառավարական կազմակերպությունների կողմից ԵՄ երկրներում անցկացվող պաշտոնական հանդիպումների և այլ միջոցառումների, Վրաստանի ազգային և տարածաշրջանային կառավարությունների և խորհրդարանների, ինչպես նաև Վրաստանի Սահմանադրական դատարանի և Գերագույն դատարանի անդամների, այդ թվում՝ դիվանագիտական անձնագրեր ունեցողների վրա։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի այսօր կայացրած որոշումը կապված է Վրաստանում ժողովրդավարության թուլացման և մարդու իրավունքների խախտումների հետ։ Մասնավորապես, ԵՄ-ն քննադատել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի» և «Ընտանեկան արժեքների» վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, որոնք, ըստ ԵՄ-ի, խախտում են հիմնարար ազատությունները, այդ թվում՝ արտահայտվելու ազատությունը, անձնական կյանքի իրավունքը և հանրային գործերին մասնակցելու իրավունքը։
«Հիմնարար իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները ԵՄ-ին ինտեգրվելու հիմնական սկզբունքներն են։ Երկրի ներկայացուցիչները, որոնք ոտնահարում են այս արժեքները, չպետք է օգտվեն ԵՄ մուտքի դյուրացումներից», - ասել է ԵՄ-ի նախագահությունը ստանձնած Լեհաստանի ներքին գործերի նախարար Տոմաշ Շեմոնյակը։
Որոշումն ընդգծում է նաև վրացական կառավարության կողմից խաղաղ ցուցարարների, քաղաքական գործիչների և անկախ մեդիայի նկատմամբ բռնությունների դեմ մտահոգությունը։ Վերջերս Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ ԵՄ անդամակցության բանակցությունները կհետաձգի մինչև 2028 թվականը, ինչը ևս մեծ դժգոհություն առաջացրեց։
Չնայած այս քայլին՝ Վրաստանի քաղաքացիները սովորական անձնագրերով կշարունակեն օգտվել ԵՄ կարճաժամկետ մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկման առավելությունից։
Նշվում է, որ այս որոշումը Վրաստանի համար հստակ ազդանշան է՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները վտանգված են։ 2011 թվականից գործող վիզային դյուրացման համաձայնագիրը նախատեսված էր երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համար, սակայն ԵՄ-ն հստակ ընդգծում է, որ ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների հարգումը պարտադիր են։
Մասնակի դադարեցումն ուժի մեջ կմտնի մոտ ապագայում, և ԵՄ անդամ երկրները կկայացնեն անհատական որոշումներ՝ վրացի պաշտոնյաների և դիվանագետների համար վիզային նոր պահանջներ սահմանելու վերաբերյալ։