Անվտանգություն կառուցելը շատ ավելի հեշտ կլինի ուժեղ ժողովրդավարություն ունենալու պարագայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ընթացող Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի (Nordic-Baltic Format) խորհրդարանների նախագահների և փոխնախագահների մասնակցությամբ պանելային քննարկման ընթացքում իր երկրի փորձն այսպես ներկայացրեց Շվեդիայի Ռիկսդագի նախագահի տեղակալ Քենեթ Ֆորսլունդը:
«Շատ կարևոր է, որ կառուցեք անվտանգություն, բայց դա շատ ավելի հեշտ է, եթե ունեք ուժեղ ժողովրդավարություն, որպեսզի ձեր ժողովուրդը ներգրավվի և նրանք հասկանան, որ իրոք ունեն պաշտպանություն: Ուժեղ, ամուր անվտանգություն կառուցեք և ձեր ժողովրդին հնարավորություն տվեք ունենալու ներգրավվածություն: Ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, աշխատող կառույցները՝ սրանք բոլորը կենսունակ հիմքեր են, որպեսզի իրականում կառուցենք անվտանգություն և որպեսզի ժողովուրդը զգա, որ դա մի բան է, որը փայփայում ենք և ցանկանում ենք պաշտպանել»,- հայտարարեց Քենեթ Ֆորսլունդը՝ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով քննարկման ընթացքում։