Հայաստան

Հայաստանում մեկնարկում է փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված 3 նոր ծրագիր՝ ընդհանուր 8.8 մլն եվրո բյուջեով

11 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկնարկում է փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված 3 նոր ծրագիր՝ ընդհանուր 8.8 մլն եվրո բյուջեով

Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Հայաստանում հունվարի 23-ին մեկնարկեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացվող՝ ընդհանուր 8.8 միլիոն եվրո բյուջեով 3 ծրագիր, որոնց նպատակն է նպաստել փախստականների և հյուրընկալ համայնքների կարիքների հասցեագրմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրերի մեկնարկն ազդարարող միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Եվրահանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ հումանիտար օգնության վարչության Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Անդրեաս Պապակոնստանտինուն և ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նկատեց, որ մինչ այժմ ԵՄ-ի կողմից Հայաստանում կատարած աշխատանքը արդեն տվել է նշանակալի արդյունքներ: 

«Անցյալ շաբաթ ես գտնվում էի Գորիսում։ Ուրախ եմ տեսնել Գորիսի որոշ գործընկերների, ովքեր իրականում գիշեր-ցերեկ աշխատում են փախստական բնակչությանը աջակցելու համար: Ես հանդիպել եմ Եվրամիության կողմից ֆինանսավորվող մի քանի ծրագրերի շահառուների: Եվ ես ուզում էի տեսնել, թե ինչ է փոխվել նրանց կյանքում այս ծրագրերն իրականացնելուց հետո՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում: Կարևոր հաղորդագրությունը, որը ես ստացել եմ Գորիսում ԼՂ-ից Հայաստան տեղափոխված հայերի հետ իմ հանդիպումներից ինչպես նաև այն կազմակերպություններից, որոնք աջակցել են նրանց և շարունակում են աջակցել նրանց, դա հսկայական աշխատանքի արդյունքն էր»,-նշեց Մարագոսը՝ հավելելով, որ այդ արդյունքը ստացվել է  Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության, համակարգման, նվիրվածության, բայց նաև միջազգային հանրության մոբիլիզացիայի, այդ թվում Եվրամիության կողմից մարդասիրական օգնության շնորհիվ: 

ԵՄ դեսպանի դիտարկմամբ՝ այն հիմնական խնդիրները, որոնք պետք է լուծվեն, վերաբերում են փախստականների ընդգրկմանը: Նրա խոսքով՝ գոյություն ունի կատարված հսկայական աշխատանք, սակայն դեռ տեղ կա բարելավելու։ 

«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել միասին: Դեռևս կան տարեցների խոցելի խմբեր, հաշմանդամներ, կայուն աշխատանք չգտած մարդիկ։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է մնանք ներկա և շարունակենք աջակցել նրանց: Մենք հավատում ենք, որ այստեղ ներկա բոլոր դերակատարները կարող են կարևոր դեր խաղալ այս ջանքերի շարունակության մեջ: Ավելի երկարաժամկետ աջակցության տրամադրման ուղղությամբ աստիճանական տեղաշարժով արդյունավետ համակարգումը մնում է էական: Կարծում եմ՝ անհրաժեշտ է նաև ամրապնդել աշխատանքների համակարգումը»,-ասաց ԵՄ դեսպանը։ 

Վասիլիս Մարագոսը տեղեկացրեց, որ բյուջետային աջակցության այս ծրագիրը, որը Եվրահանձնաժողովի նախագահի կողմից հայտարարվել էր դեռևս 2023 թվականի հոկտեմբերին՝ որպես մտադրություն, ամբողջությամբ հատկացվել է Հայաստանի կառավարությանը։ Նա նաև գոհունակություն հայտնեց, որ արդեն համաձայնություն Հայաստանի կառավարության հետ համաձայնություն կա արդեն 25 մլն եվրո բյուջետային աջակցության ծրագրի հաջորդ փուլի համար։

Եվրահանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ հումանիտար օգնության վարչության Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Անդրեաս Պապակոնստանտինուն, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ընդգծեց, որ Հարավային Կովկասում առկա մի շարք բազմաթիվ ճգնաժամերի ֆոնին ԵՄ-ը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի փախստականների ճգնաժամի համար: 

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ՝ Հայաստանին և կարիքավոր մարդկանց աջակցելու Եվրոպական միության շարունակական ամուր հանձնառության համատեքստում: Իմ այս առաքելությունը հաջորդում է Եվրոպական միության բարձր մակարդակի բազմաթիվ ներկայացուցիչների այցերին, և այն ընդգծում է մեր ընդհանուր վճռականությունը՝ լուծելու անհապաղ մարդասիրական կարիքները, որոնք դեռ գոյություն ունեն, և Հայաստանի աղետների կառավարման համակարգի երկարաժամկետ զարգացումը։ Ուստի, ի լրումն դեսպանի ասածի, հաճելի է տեսնել ձեզ բոլորիդ այստեղ մեծ թվով ԵՄ կողմից ֆինանսավորվող քաղաքացիական հասարակության կոնսորցիումի երեք գործողությունների մեկնարկի համար, որոնք կոչված են լուծել Լեռնային Ղարաբաղից փախստականների և խոցելի հյուրընկալող համայնքների կարիքները»,-նշեց Անդրեաս Պապակոնստանտինուն: 

Նա հայտնեց, որ նախօրեին հանդիպել է ԼՂ-ից տեղահանված հայերին և տեսել նրանց տրավման, տառապանքները․ «Երբ խոսում ես ժողովրդի հետ, նրանք արտահայտում են իրենց քաջությունը, տոկունությունը, բայց կարճ ժամանակ անց նրանք հուզվում են՝ հիշելով իրենց կորուստների մասին: Նրանք մտածում են ապագայի բարդության և իրենց կյանքի փլուզման մասին»։ 

ԵՄ պաշտոնյայի բնորոշմամբ՝ Հայաստանում կա շատ կենսունակ և շատ լավ քաղաքացիական հասարակություն, որը կարող է իր արդյունավետ դերն ունենալ ԵՄ-ի կողմից գործադրվող ջանքերում: 

Նրա դիտարկմամբ՝ անհրաժեշտ է մշակել զգայուն և հարմարեցված մոտեցում՝ սոցիալական միասնություն ապահովելու համար․ «Փախստականների ինտեգրման մեջ սոցիալական միասնությունը առաջնային նպատակ է և հաջողության շատ կարևոր պայման: Եվ մեր ֆինանսավորումը կլրացնի այն շատ կարևոր նախաձեռնությունները, որոնք մենք պատրաստվում ենք սկսել այսօր: Այսպիսով, այս գործողությունները նախատեսված են՝ ինտեգրվելու ավելի լայն, ավելի երկարաժամկետ անցումային ռազմավարության մեջ»: 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն, իր հերթին, նշեց, որ Հայաստանի կառավարությունը վերջին շրջանում էլ ավելի մեծ նախաձեռնողականությամբ եւ ավելի մեծ ինտենսիվությամբ ու ԵՄ-ի հետ համատեղ ծրագրերի մշակմամբ կարողանում է ստանալ իմաստավորված աջակցության ձևեր և մեխանիզմներ՝ հասնելու ընդհանուր նպատակին, այն է՝ բոլոր կարիք ունեցող սոցիալական խմբերի իրական արձագանքմանը։ 

«Մենք շատ լուրջ ողբերգության ենք առերեսվել․ մեր հասարակությունը, մեր երկիրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, բայց այս ողբերգությունը մեզ պիտի սովորեցնի ավելի դիմակայուն դառնալ եւ այս սկզբունքով է, որ մենք աշխատում ենք միասին եւ պլանավորում ենք ծրագրեր, ռեֆորմներ»,-նշեց Ժամակոչյանը՝ շնորհակալություն հայտնելով Եվրոպական միության պատվիրակությանը սերտ աշխատանքի և համագործակցության համար։

Նախարարի տեղակալը նաև ողջունեց 3 նոր ծրագրերի բացումը՝ ընդգծելով, որ բոլոր ծրագրերում կառավարությունը առաջնահերթություն է տալիս ոչ միայն պարզապես մեկանգամյա ծրագրերի իրականացմանը, խնդիրների լուծմանը, այլև խնդիրների նորարար լուծումների բացահայտմանը։ Նա նաև վստահություն հայտնեց, որ սերտ գործընկերության միջոցով հնարավոր կլինի հասնել համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, նկատեց, որ մի քանի տարվա ընթացքում հայ հասարակությունը լավ սովորել է դիմակայունություն և կայունություն բառերը, որոնց նշանակությունն ու կարևորությունը, ցավոք, հայ ժողովուրդը տեսել է վերջին տարիներին։ 

«Ինձ շատ հաճախ թվում էր, որ դրանք ուղղակի դատարկ բառեր են եւ շատ հաճախ պարզապես կրկնողության համար են ինչ-որ գրանտային ծրագրեր գրելու համար։ Սակայն լինելով այս պաշտոնում եւ իմ նախորդ պաշտոնում ու դերակատարման մեջ՝ ես իմ սեփական մաշկի վրա եւ կարող եմ ասել նաեւ մեր պետության մաշկի վրա զգացի դիմակայուն բառի կարեւորությունը, բայց, ցավոք սրտի, ողբերգության արդյունքում առաջին եւ հիմնական բանը, որ սովորեցինք, դա այն էր, թե ինչքան կարեւոր է լինել դիմակայուն»,-ասաց Ղազարյանը։ 

Ղազարյանի խոսքով՝ այդ բառերի կարևորությունը հայ հասարակությունը սկսել է հասկանալ դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իրենք ցույց տվին մարդկային դիմակայունություն, մարդկային որակների առումով դիմակայունություն եւ նմանատիպ որակներ։ 

ՆԳ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն հայտնեց փախստականների կարիքների հասցեագրման և լուծման հարցում ԵՄ-ի կողմից տրամադրված և տրամադրվող օգնության համար։

«Հարգելի գործընկերներ, առանց ձեզ անհնարին կլիներ դրա տակից դուրս գալ եւ ձեր դերն ու ձեր վաստակը, որ մենք կարողացել ենք հաղթահարել այդ մեծ ճգնաժամը, անուրանալի է»,-ընդգծեց Ղազարյանը՝ շեշտելով, որ հայ ժողովուրդն իր ապրած փորձառությունը պետք է դնի ինստիտուտների եւ մարդկային կապիտալի մեջ, քանի որ ինստիտուտներն առանց որակյալ մարդկային կապիտալի ուղղակի չեն կարող գոյություն ունենալ։

Ընդհանուր 8.8 միլիոն եվրո բյուջեով ծրագրերի նպատակն է նպաստել փախստականների և հյուրընկալ համայնքների կարիքների հասցեագրմանը, մասնավորապես՝ «Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման և զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանվածների և հյուրընկալող համայնքների համար» ծրագիրն ուղղված է տնտեսական ինտեգրման հնարավորություններին՝ բիզնես նախաձեռնությունների, հմտությունների զարգացման և աշխատանքի աջակցման միջոցով։ «Րայզ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում ծրագիրն» ուղղված է տեղական սոցիալական պաշտպանության համակարգերի զորեղացմանը, սոցիալ-վերականգնողական ծառայությունների բարելավմանն ու հասանելիության մեծացմանը։ «Մարդու իրավունքեր փասխստականներին համար և փախստականների հետ» ծրագիրն ուղղված է փախստականների իրավունքների պաշտպանությանը և նրանց համար կենսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում