Մենք փրկիչներ չենք փնտրում և չենք գտել. ԱԳ նախարարը՝ Հայաստան-ԱՄՆ նոր փաստաթղթի մասին

4 րոպեի ընթերցում

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի մանրամասները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում նախարարը նշեց, որ փաստաթուղթը վերաբերում է երկկողմ հարաբերությունների որակական բարելավմանը և ընդգրկում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ՝ տնտեսականից մինչև անվտանգություն, ժողովրդավարություն և պաշտպանություն։

Արարատ Միրզոյանը փաստեց, որ այս ռազմավարական գործընկերության փաստաթուղթը բարձրացնում է հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը։ 

«Ոլորտները բազմաթիվ են՝ սկսած տնտեսական համագործակցությունից, վերջացրած անվտանգության, ժողովրդավարական և պաշտպանության ոլորտում համագործակցության։ Սա շատ հաջողված, բազմաոլորտ և լավ հեռանկարներ բացող փաստաթուղթ է»,- ընդգծեց նախարարը։

Նա հավելեց, որ այս փաստաթղթով Հայաստանը չի փնտրում «փրկիչներ» և ակնկալում է սեփական ուժերով ամրապնդել իր դիրքերը։

«Մի մասը ասաց, որ այս փաստաթղթով փրկվեցինք։ Ժողովուրդ ջան, չփրկվեցինք և պետք չէ ընդհանրապես փրկիչներ ման գալ։ Ինչպես պետք չէր նախկինում փրկիչներ ման գալ հյուսիսում, հիմա պետք չէ փրկիչներ ման գալ արևմուտքում, արևելքում և որևէ տեղ։ Եթե մենք փրկվելու ձև ունենք, մենք ինքներս պետք է այնպես անենք, որ և փրկվենք, և զարգանանք, և ամրանանք։ Մենք փրկիչներ չենք փնտրում և այս փաստաթղթով էլ փրկիչներ չենք գտել»,- ասաց Միրզոյանը։

Միրզոյանը նաև անդրադարձավ այն մտահոգություններին, թե փաստաթուղթը կարող է բացասական ազդեցություն ունենալ Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ 

«Ես վերադարձել եմ Մոսկվայից աշխատանքային այցից, իսկ արտաքին գործերի նախարարի տեղակալը՝ Թեհրանից։ Մենք մեր գործընկերների հետ շատ սերտ կապի մեջ ենք, բազմաթիվ հարցեր կոորդինացնում ենք և փոխըմբռնման մթնոլորտում աշխատում ենք»,- ընդգծեց նախարարը։

Նախարարը հորդորեց չգերագնահատել և չթերագնահատել փաստաթղթի կարևորությունը՝ շեշտելով, որ այն պարզապես Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների խորացման հնարավորություն է, բայց ոչ ռազմական դաշինք։ 

Նախարարը անդրադարձավ նաև փաստաթղթի նախապատմությանը՝ նշելով, որ նախկինում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև եղել է ռազմավարական երկխոսության ձևաչափ, որը նախատեսել է պարբերական շփումներ և աշխատանքներ համապատասխան հանձնաժողովի մակարդակով։ Սակայն, ըստ Միրզոյանի, անհրաժեշտություն կար հարաբերությունները բարձրացնելու նոր մակարդակի։

«2023 թվականի գարնանը հայտարարեցինք, որ աշխատելու ենք հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Եվ ահա 2024 թվականի հունվարի 14-ին մենք ստորագրեցինք այդ փաստաթուղթը, որը մի քիչ փոխում է համագործակցության ձևաչափը։ Նշել ենք նոր ուղղություններ, նոր ոլորտներ, նաև նոր հնարավորություններ»,- նշեց Միրզոյանը։

Միրզոյանը շեշտեց, որ Հայաստանի համար առաջնային են սեփական շահերը։ 

«Մենք ինքնիշխան երկիր ենք, և մեր բոլոր որոշումներն առաջնորդվում են բացառապես Հայաստանի շահերով։ Մեր բոլոր գործընկերները, ովքեր հարգում են մեր ինքնիշխանությունը, պետք է հարգանքով մոտենան մեր դիրքորոշմանը»,- եզրափակեց նա։

Հայերեն العربية English فارسی Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը