Ազգային ժողովում քննարկվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը, որոնք ներկայացրեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերը նպատակ ունեն հեշտացնել հուշարձանների և գույքի գրանցման գործընթացները՝ նվազեցնելով վարչական բեռը և խնայելով պետական ռեսուրսները։
Թովմասյանի խոսքով՝ բարեփոխումները հիմնված են էլեկտրոնային գործիքակազմի և պետական մարմինների միջև տվյալների բազաների ինտեգրման վրա։
«Նախագծերը թույլ կտան էլեկտրոնային համակարգերի օգնությամբ խնայել պետական միջոցներ՝ օգտագործելով այն տեղեկատվական բազան և այն շտեմարանները, որոնք որ այսօր էլ առկա են պետական մարմիններում, այս պարագայում ԿԳՄՍ նախարարությունում և Կադաստրի կոմիտեում։ Այս էլեկտրոնային բազաների ինտեգրացիայի արդյունքում ստեղծենք էլեկտրոնային գործիք, որի միջոցով լիազոր մարմինը՝ ԿԳՄՍՆ-ն հնարավորություն կունենա էլեկտրոնային գործիքի միջոցով տեղեկատվական շտեմարանում համապատասխան մշակույթի հուշարձանի վերաբերյալ կատարել ուղղումներ, պատմական մշակույթի վերաբերյալ կատարել համապատասխան տեղեկատվության մուտքագրում՝ օգտագործելով թվային գործիքներ, այլ ոչ թե տեղում կատարել բազմաթիվ չափագրական աշխատանքներ և այնուհետև մտել մեկ այլ գործընթացի մեջ»,- ընդգծեց Սուրեն Թովմասյանը։
Նա նշեց, որ պետական գրանցման վկայականներում կներառվի տեղեկատվություն այն մասին, որ տվյալ գույքը գտնվում է պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտում։ Սա կբարելավի թափանցիկությունն ու հստակությունը գույքի կարգավիճակի վերաբերյալ։
«Երբ պետական սեփականության հուշարձանը գտնվում է որևէ հողակտորի վրա, Կադաստրի կոմիտեն ավտոմատ կերպով կփոխի հողի նպատակային նշանակությունը՝ համապատասխանեցնելով հուշարձանների պահպանության պահանջներին»,-ասաց Թովմասյանը։
Կադաստրի կոմիտեի ղեկավարը շեշտեց, որ այս փոփոխությունները կնպաստեն ավելի արագ և հստակ տվյալների մշակմանը՝ նվազեցնելով սխալների հնարավորությունը։