Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է երկրի անվտանգության համար նաև «փափուկ» գործիքների կիրառումը։
«Բերեմ շատ պարզ և շատ կարճ օրինակ, անվտանգության մեր մոդելը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։
Վերջերս իմացանք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների մեկի ղեկավարը գնացել է և քննարկել է մեր դեմ կազմակերպվող օպերացիան։ Սա շատ վառ օրինակ է, բայց սա անընդհատ է տեղի ունեցել պատմության ընթացքում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ընտանեկան փոդքասթ»-ի երրորդ թողարկման ժամանակ ասել է Փաշինյանը։
Փաշինյանը ընդգծել է, որ երբ անվտանգության բոլոր միջոցները հիմնված են միայն կոշտ մեխանիզմների վրա, դա նշանակում է, որ անվտանգությունը լիարժեք չէ կամ կախված է այլ ուժերի կամքից։
«Այդ է պատճառը, որ անվտանգության համար այսպես կոչված «փափուկ» գործիքներ նաև պետք է կիրառել։ Որովհետև, երբ առաջինը կոշտ գործիքն է, երկրորդը կոշտ գործիքն է, երրորդը կոշտ գործիքն է, սա նշանակում է դու անվտանգություն չունես, կամ քո անվտանգությունը ուրիշի գրպանում է»,- եզրափակել է Փաշինյանը։