Հայաստան

Խնդիրներ, որոնց բախվում են աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնող Հայաստանի քաղաքացիները

3 րոպեի ընթերցում

Խնդիրներ, որոնց բախվում են աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնող Հայաստանի քաղաքացիները

Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների ամենամեծ խնդիրը կապված է միգրացիոն հաշվառման հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մեդիա կենտրոնում կայացած «Ռուսաստանի կոշտ միգրացիոն քաղաքականությունը. ի՞նչ է սպասվում հայ աշխատանքային միգրանտներին» թեմայով քննարկման ընթացքում այս մասին հայտնեց և խնդիրներից մի քանիսին անդրադարձավ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը: 

«Եթե պատրաստվում եք 30 օրից ավել գտնվել Ռուսաստանի Դաշնությունում, ապա պարտավոր եք այդ երկիր մուտքի պահից սկսած 30-օրյա ժամկետում միգրացիոն հաշվառման կանգնել ձեր իրական բնակության հասցեում: Իրական բնակության հասցեում չհաշվառվելը հիմք է հանդիսանում մինչև 1 տարի ժամկետով ազատազրկման համար: Ընդհանրապես, միգրացիոն հաշվառման չկանգնելը հիմք է, որպեսզի անձը ճանաչվի անօրինական միգրանտ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այդ 30 օրում պետք է նաև բուժզննում անցնել (դա վճարովի է), բուժզննման տեղեկանքը ներկայացնել հաշվառման տարածքային միգրացիոն ծառայություն, որտեղ կվերցնեն անձի կենսաչափական տվյալները, մատնահետքերը, նաև կլուսանկարեն և կտրամադրեն պլաստիկ քարտ: Այդ ամենից հետո անպայման պետք է կնքել աշխատանքային պայմանագիր: Եթե աշխատելու նպատակով ժամանած անձը չունի աշխատանքային պայմանագիր, դա հիմք է չեղարկելու նրա միգրացիոն հաշվառումը և սահմանելու մուտքի արգելք»,- նշեց Տաթևիկ Բեժանյանը:

Նա առանձնացրեց ևս մեկ խնդիր, որը, ինչպես նշվեց, ՌԴ պատկան մարմինների կողմից իրենց իսկ օրենսդրության խախտման արդյունք է: Այսպես, ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներն իրավունք ունեն Ռուսաստանի որևէ բնակավայրում իրենց աշխատանքային պայմանագիրը լուծարելուց և հաշվառումից դուրս գալուց հետո 15 օրվա ընթացքում աշխատանքային պայմանագիր կնքել ՌԴ այլ բնակավայրում: Սակայն, ըստ Տաթևիկ Բեժանյանի, վերջին շրջանում հաճախակի են տեղեկություններ ստացվում այն մասին, որ հիմնականում Կրասնոդարի մարզում հրաժարվում են այդ հիմքով միգրացիոն հաշվառման վերցնել անձանց, ավելին՝ միգրացիոն ծառայությունը սահմանում է մուտքի արգելք և այդ մարդիկ բախվում են լուրջ խնդիրների: Դա համարվում է քաղաքացու իրավունքի կոպտագույն խախտում:

Նաև, ըստ Տաթևիկ Բեժանյանի, արհեստական արգելքներ են սահմանվում միգրանտների երեխաներին դպրոց ընդունելու հարցում: 

Բանախոսը նշեց, որ այս պահի տվյալներով՝ տարեկան 75-85 հազար աշխատանքային միգրանտ Հայաստանից մեկնում է Ռուսաստան: Նա գտնում է, որ ՀՀ կառավարությունը չպետք է սահմանափակվի բացառապես իրազեկման գործառույթ իրականացնելով և պետք է մտածի իր քաղաքացիների իրավունքները գործուն միջոցներով պաշտպանելու, անհրաժեշտության դեպքում՝ արտագնա աշխատանքին նախապատվություն տվողներին նաև այլ երկրներ ուղղորդելու մասին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում