Հայաստան

Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին

4 րոպեի ընթերցում

Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին

Այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտել երկու օրենքներ, որոնք անմիջականորեն ազդելու են նաև Հայաստանից դեպի այդ երկիր միգրացիոն հոսքերի վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մեդիա կենտրոնում կայացած «Ռուսաստանի կոշտ միգրացիոն քաղաքականությունը. ի՞նչ է սպասվում հայ աշխատանքային միգրանտներին» թեմայով քննարկման ընթացքում օրենսդրական այդ փոփոխություններին անդրադարձավ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը:  

Այդ օրենքներից մեկով սահմանվել է, որ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ չունեցող երկրների քաղաքացիները տարվա ընթացքում ՌԴ-ում կարող են գտնվել ընդհանուր առմամբ 90 օր, եթե չեն պատրաստվում աշխատել այնտեղ և չունեն ժամանակավոր բնակության կամ կացության կարգավիճակ: Նախկինում այդ քաղաքացիները Ռուսաստանում կարող էին գտնվել տարեկան յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում 90 օր ժամկետով: 

«Օրենքի այս կետից կտուժեն մեր այն վարորդները, որոնք բեռնափոխադրումների ծառայություններում են աշխատում, որովհետև նրանք Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու այլ հիմքեր չունեն: Նրանք օգտվում էին ոչ վիզային ռեժիմի երկրներին տրված՝ 180 օրվա ընթացքում 90 օր գտնվելու հնարավորությունից, որովհետև հաջորդ 90 օրը պարտավոր էին ՌԴ տարածքից դուրս գտնվել: Իսկ հիմա, եթե այնպես ստացվի, որ, օրինակ, իրենց աշխատանքն ավելի երկար ժամանակ պահանջի և 90 օրը լրանա, նրանք ուղղակի մուտքի արգելք կստանան: Այսինքն՝ կստացվի, որ առնվազն երեք տարի այլևս չեն կարողանա մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն»,- հայտնեց բանախոսը: 

Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ հունվարի 1-ից գործող մեկ այլ օրենքով նախատեսվում է, որ ՌԴ սահմանապահները, ելնելով զուտ սեփական ենթադրությունից, որ տվյալ անձը կարող է սպառնալիք հանդիսանալ ՌԴ անվտանգության համար, իրենց հայեցողությամբ կարող են արգելել օտարերկրացու մուտքը Ռուսաստան:

«Սա նշանակում է, որ որևէ այլ գերատեսչության թույլտվություն չի պահանջվելու և սահմանապահն ինքնուրույն կարող է որոշել՝ օտարերկրացուն թույլ տալ մուտք գործել ՌԴ տարածք, թե ոչ: Դա վերաբերում է նաև այն քաղաքացիներին, որոնք չունեն մուտքի արգելք, նույնիսկ առաջին անգամ են պատրաստվում մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք»,- նշեց նա: 

Իսկ փետրվարի 5-ից սկսելու է գործել արտաքսման մասին օրենքը: Ներկայում Ռուսաստանից արտաքսումներն ու վտարումները իրականացվում են դատարանի որոշմամբ, նման արգելք սահմանելու իրավունք ունեն 16 գերատեսչություններ: 

«Մինչդեռ, փետրվարի 5-ից ՌԴ ոստիկանությունն՝ առանց դատարանի որոշման, իրավունք ունի երկրում անօրինական գտնվող, քրեական հանցագործություն կատարելու համար մեղադրվող, միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար կասկածվող, վարակիչ հիվանդություն ունեցող և այլ հիմքերի տեղիք տված միգրանտներին 48 ժամով կալանավորել՝ իր կասկածը փարատելու կամ հաստատելու համար: Այնուհետև, առանց դատարանի որոշման կարող է անձին վտարել Ռուսաստանի Դաշնությունից»,- տեղեկացրեց փորձագետը: 

Նա հայտնեց նաև, որ ներդրվելու է նաև օտարերկրյա միգրանտների ռեյս, որում ներառվելու են վերոնշյալ բոլոր կարգերի միգրանտները, եթե նրանք ունեն որևէ խախտում՝ միգրացիոն հաշվառման ժամկետն է լրացել և հաջորդ հաշվառումը չի արվել, աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, իսկ 15-օրյա ժամկետում նոր պայմանագիր չի կնքվել կամ այլ խախտումներ: Անօրինական միգրանտների ռեյսում հայտնված անձինք չեն կարողանա որևէ գործարք կատարել Ռուսաստանի Դաշնությունում. պարզապես պատկան մարմինները և կազմակերպությունները կհրաժարվեն նրանց ծառայություն մատուցելուց: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում