Վերահսկողություն 4000 տնտեսվարողի մոտ ու 182 մլն դրամի պատասխանատվություն․ ՍԱՏՄ-ն ամփոփում է տարին
2 րոպեի ընթերցում
![Վերահսկողություն 4000 տնտեսվարողի մոտ ու 182 մլն դրամի պատասխանատվություն․ ՍԱՏՄ-ն ամփոփում է տարին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/01/14/A3KJOrMWNdA5qPhBvnQuuxZ323ysg6YfhpaYuyLZ.webp)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2024 թվականին վերահսկողական աշխատանքներ է իրականացրել շուրջ 4000 տնտեսվարողի մոտ, որոնցից 1100-ի մոտ խախտումներ են արձանագրվել։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը նշեց, որ տեսչական մարմնի դիտակետում են եղել սննդի անվտանգությանն առնչվող բոլոր ուղղությունները։
«2024 թվականին տեսչական մարմնի կողմից տնտեսվարողները տուգանվել են 182 մլն դրամի չափով։ Ասեմ, որ արդեն իսկ 121 մլն դրամ վճարվել է, ինչը լավ ցուցանիշ է։ Տեսչական մարմինն իր վերահսկողության շրջանակներում կայացրել է նաև 130 տնտեսվարողի գործունեությունը կասեցնելու մասին որոշում։ Նշեմ, որ 64 տնտեսվարող խախտումները վերացրել է և իրավունք է տրվել գործունեությունը վերսկսել»,-ասաց Արմեն Դանիելյանը։
Սննդի անվտանգությանն առնչվող ուղղություններում խախտումները տարբեր բնույթի են եղել՝ անձնակազմի նախնական և պարբերական բժշկական զննությունների պարբերականության խախտում, պիտանելիության ժամկետն անցած սննդամթերքի իրացում, պահման պայմանների խախտում, ոչ սպանդանոցային ծագման մսի իրացում և այլն։
«Սպանդանոցային ծագման մսի իրացման գործընթացը ևս մեր ուշադրության կենտրոնում է եղել։ Ասեմ, որ 2024 թվականի տարվա վերջի տվյալներով կար 139 սպանդանոց, այնինչ այս ցուցանիշը 2022 թվականին եղել է 99։ Վիճակագրությունից երևում է, որ գնալով ավելանում է սպանդանոցների թիվը»,-ասաց Արմեն Դանիելյանը։
Տարին չի առանձնացել թունավորման դեպքերի բացակայությամբ։ 2024 թվականին թունավորման 13 դեպք է գրանցվել, 44 անձ տուժել է, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։ Արմեն Դանիելյանը նշեց, որ 2023 թվականի համեմատ նույն ցուցանիշը նույնն է։
Տեսչական մարմինը 2025 թվականին խստացված վերահսկողություն է իրականացնելու հանրային սննդի փոքր կետերում, ուշադրություն է դարձվելու հացի արտադրությանն ու հացի վաճառքին։ Հատուկ ուշադրություն է դարձվելու մանկապարտեզներին, դպրոցներին, տարեցների խնամքի կենտրոններին և այլն։