ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոս Անջելեսում արդեն մեկ շաբաթ մոլեգնող երկու անտառային հրդեհներն առնվազն 24 մարդու կյանք են խլել։ Հրշեջները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները, սակայն ըստ կանխատեսումների՝ ուժգին քամիներն ավելի կտարածեն կրակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հրդեհների պատճառով նաև 100 000 մարդ է տարհանվել։ Ամբողջական թաղամասեր վերածվել են ավերակների, տները գետնին են հավասարվել։ Ըստ Կալիֆոռնիայի իշխանությունների՝ շուրջ 12 300 կառույց է վնասվել կամ ոչնչացել։
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ մինչև հունվարի 15-ը սպասվում են ուժգին քամիներ՝ 80-120 կմ/ժամ արագությամբ։ Իշխանությունները Լոս Անջելեսի շրջանի գրեթե 10 միլիոն բնակչությանը նախազգուշացրել են, որ նրանց կարող են տարհանման հրահանգներ տրվել բոցերի և թունավոր ծխի պատճառով։