Քաղաքականություն

Ադրբեջանն ազդակ է ուղարկում Արևմուտքին․ փորձագետները մեկնաբանել են Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարությունները

5 րոպեի ընթերցում

Ադրբեջանն ազդակ է ուղարկում Արևմուտքին․ փորձագետները մեկնաբանել են Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի ձախողման համար մինչ այժմ հիմք է հանդիսացել Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի ու Իրանի դիրքորոշումների տարբերությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը մամլո ասուլիսում հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը։

«Ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ Թրամփի պաշտոնավարումից առաջ թեև տիրում է որոշակի անորոշություն, սակայն նորընտիր նախագահի վերջին հայտարարությունները, որոնք ներառում են տարածքային հավակնություններ Մեքսիկայի, Կանադայի, Պանամայի ու Դանիայի նկատմամբ, բավականաչափ մեծ հնարավորություններ են ստեղծում Ադրբեջանի համար՝ առնվազն նույն ոճով խոսելու։ Գոնե այս պահին հնչած հայտարարությունները որոշակիորեն մեծացնում են Ադրբեջանի նախագահի մանևրի հնարավորությունները»,- ասաց Պետրոսյանը։  

Նրա դիտարկմամբ՝ տվյալ փուլում շատ դժվար է կոնկրետ գնահատականներ տալ, թե ինչպիսի վարքագիծ կդրսևորի իրանական կողմը, քանի որ դա պայմանավորված է ոչ միայն մեր տարածաշրջանում ընթացող պրոցեսներով, այլև Իրանի դեմ պլանավորվող քաղաքականությամբ տարբեր տարածաշրջաններում նրա հակառակորդների կողմից։ 

«Ակնհայտ է, որ Իրանում կա մեծ մտահոգություն՝ կապված Դոնալդ Թրամփի վարչակազմի կառավարման շրջանում առավել համակարգված հակաիրանական գործողությունների հետ։ Դրա ականատեսը եղել ենք նաև Թրամփի կառավարման առաջին շրջափուլում։ Երկրորդում կա իրավիճակային շատ լուրջ փոփոխություն։ Իրանն այսօր իր հնարավորություններով ու ռեսուրսներով զգալիորեն զիջել է դիրքերը՝ 2016-20 թվականներին եղած իրողությունների համեմատ, հետևաբար Իրանի գործողությունների շրջանակն էականորեն նվազել է։ Մերձավորարևելյան գործընթացները մինչ օրս Իրանի անմիջական սահմաններին կից չեն ընթացել և Իրանի տարածքին չեն սպառնացել, ինչը չի կարելի նշել մեր տարածաշրջանի առումով»,- ասաց Պետրոսյանը։

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ իրանական արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» իրականացման ուժային մեթոդների նկատմամբ բոլորովին այլ կարող է լինել, քան այն, ինչ տեղի ունեցավ Մերձավոր Արևելքում, հետևաբար Իրանը շարունակում է դեռ մնալ որպես զսպող գործոն Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական հավակնությունների դեմ։  

«Իրանի դեմ իրականացվում է մեծ հակաքարոզչություն և կրկին փորձ է արվում նաև մեր տարածաշրջանում թուլացնել Իրանի հնարավորությունները։ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները պարունակում են մի քանի հստակ ուղերձներ Արևմուտքին, մասնավորապես ԱՄՆ-ին, հետևաբար նույն Իրանի հասցեին Ադրբեջանի նախագահի կողմից հնչած գնահատականներն առ այն, որ կա որոշակի անորոշություն, հստակ ցուցիչ է, գուցե, նաև ազդակ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի համար, որ եթե պլանավորվում է հակաիրանական ինչ-որ մեծ գործողություն մի քանի տարածաշրջաններում միաժամանակ, ապա Ադրբեջանը չի բացառում, որ կարող է հետաքրքրված լինել նման գործողությամբ։ Սա ազդակ է, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաիրանական ուժերը կարող են հանգիստ խաղադրույք կատարել Ադրբեջանի վրա»,- ասաց Պետրոսյանը։   

Քաղաքագետ Արեգ Քոչինյանն իր հերթին նշեց, որ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններում կար որոշակի կոշտություն՝ ի տարբերություն նախկին հայտարարությունների։ Ըստ նրա՝ Ադրբեջանը վերջին շրջանում պատրաստվել է միանգամից երեք սցենարի՝ խաղաղության, պատերազմի և այն պարադոքսալ վիճակին, որն առկա է ներկա պահին։   

«Հիմա աշխարհաքաղաքական գործընթացներն Ադրբեջանի համար դարձել են նպաստավոր։ Մի կողմից Իրանի պարտությունը Սիրիայում էականորեն սահմանափակել է ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության հնարավորությունները։ Մյուս կողմից ԱՄՆ-ի նոր ադմինիստրացիայի արտաքին քաղաքականության բավականին անհայտ լինելը, հատկապես մեր տարածաշրջանում, իրավիճակը դարձնում է ավելի անկանխատեսելի։ Բաքվում կարծում են, թե կարող են պայմանավորվել Թրամփի վարչակազմի հետ, սակայն դա ևս փաստ չէ՝ հաշվի առնելով նույն անորոշությունը»,- ասաց Քոչինյանը։  

Նրա կարծիքով՝ կան երկու չափումներ։ Նախ՝ ռուս-ուկրաինական հակամարտության պարագայում մի պետությունը կարող է հարձակվել հարևանի վրա և պոկել նրա տարածքները, մյուսն առնչվում է մերձավորարևելյան հակամարտությանը, երբ Իսրայելն իր զինուժը տեղակայում է հարևան երկրում, ինչը միջազգային հանրության կողմից ընկալվում է որպես նորմա, հետևաբար հաշվի առնելով նաև Իսրայել-Ադրբեջան մտերմիկ հարաբերությունները՝ Բաքուն սովորում է Թել-Ավիվից և հաշվի առնում վերոհիշյալ չափումները, որովհետև Ադրբեջանն էթնիկ զտում իրականացրեց Լեռնային Ղարաբաղում, իսկ Իսրայելը՝ Պաղեստինում։    

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում