Իրավունք

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստ

3 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նոր կազմով առաջին նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով փորձագիտական խորհրդի անդամներին՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի պատրաստակամության համար՝ նշելով, որ ջանքերի համատեղմամբ կարող ենք նպաստել ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, ճիշտ հասցեավորմանը և բոլոր շահագրգիռ մարմինների ներգրավմամբ` առկա խնդիրներին լուծման մեխանիզմներ գտնելուն:

Փորձագիտական խորհրդում քննարկվել են զինված ուժերում մահվան և ինքնավնասման դեպքերի, կարգապահության ամրապնդման, զորակոչերի ընթացքում արձանագրվող խնդիրների, ինչպես նաև զինված ուժերում կանանց իրավունքների հետ կապված մի շարք հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և խորհրդի անդամները ներկայացրել են իրենց գործունեության ընթացքում արձանագրված՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի օրենսդրական և գործնական բնույթ ունեցող խնդիրները, որոնք վերաբերում են վարժական հավաքների ներգրավման ընթացքում բուժզննումներին, զորակոչիկների հետազոտություններին, զինծառայողների առողջական վիճակով պայմանավորված սահմանափակումների պահանջները պահպանելուն, սպա-հոգեբանի ինստիտուտին, զորքերում կարգապահությանը և կանոնադրային հարաբերություններին, կարգապահական և քրեական պատասխանատվության ենթարկելու հիմնահարցերին, այլընտրանքային ծառայության ոլորտում առկա խնդիրներին, գերության մեջ գտնվող և անհայտ կորած զինծառայողների կարգավիճակին, նրանց ընտանիքների սոցիալական ապահովության և այլ իրավունքների երաշխավորմանը և այլն: 

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել խորհրդի նիստի աշխատանքների ամփոփում և հետագա անելիքների վերաբերյալ մտքերի փոխանակություն։ 

Պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով նոր ձևավորված փորձագիտական խորհրդի կազմում ընդգրկվել են ոլորտային ակտիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեբանության, սոցիոլոգիայի ոլորտի անկախ մասնագետներ, փաստաբաններ: 

Փորձագիտական խորհուրդը լայն հնարավորություն է տալու քաղաքացիական հասարակության, պետական կառույցների, անկախ փորձագետների ներգրավմամբ կազմակերպելու մասնագիտական քննարկումներ՝ նպատակ ունենալով ջանքերի համատեղմամբ լուծելու անվտանգային ոլորտում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում