Տնտեսություն

Պետությունն Ամուլսարի հանքի շահագործման նպատակով վարկի համար կարող է երաշխիք տրամադրել. փաստաթղթերն են ուսումնասիրվում

2 րոպեի ընթերցում

Պետությունն Ամուլսարի հանքի շահագործման նպատակով վարկի համար կարող է երաշխիք տրամադրել. փաստաթղթերն են ուսումնասիրվում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման նպատակով վարկի ներգրավման համար կարող է պետական երաշխիք տրամադրել, Ֆինանսների նախարարությունն այժմ ուսումնասիրում է հանքը շահագործող «Լիդիան Արմենիա»-ի տրամադրած փաստաթղթերի փաթեթը, որից հետո կկայացնի որոշումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

«Որպեսզի պետական երաշխիքի համար կամ բյուջետային վարկի համար որևէ մեկը դիմի, պետք է որոշակի փաստաթղթեր պատրաստի: Հիմա «Լիդիան»-ից մեր գործընկերներն այդ փաթեթը տրամադրել են: Եվ Ֆինանսների նախարարությունը հիմա ուսումնասիրում է այդ փաթեթը»,-ասաց նախարարը:

Նա հույս հայտնեց, որ ուսումնասիրությունը կարճ ժամկետում կավարտեն ու եզրակացություն կտան:

«Եվ, եթե դա լինի դրական, ապա պետությունը կտրամադրի այդ երաշխիքը»,-ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նախարարի՝ հանքի շահագործումը կարևոր դեր է խաղալու հաջորդ տարվա և ապագա տարիների տնտեսական աճի ցուցանիշներում: Կառավարությունն աճի իր կանխատեսումներն անելիս՝հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ հաջորդ տարվա կեսերից Ամուլսարի հանքն արդեն պետք է գործարկվի:

Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր, որ Եվրասիական զարգացման բանկի՝ (ԵԱԶԲ)` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վարկավորման հայտը մերժելուց հետո քննարկումներ են ընթանում Հայաստանում գործող առևտրային բանկերի հետ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում