Տնտեսություն

Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից 200 մլրդ-ով պակաս կլինեն. Վահե Հովհաննիսյան

3 րոպեի ընթերցում

Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից 200 մլրդ-ով պակաս կլինեն. Վահե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները պլանավորված ցուցանիշի նկատմամբ 2024 թվականին 200 մլրդ դրամով ավելի ցածր կլինեն: 

Տարեկան ամփոփիչ ասուլիսում «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Բյուջեն կատարվել է ավելի փոքր տոկոսով, թեև նոմինալ առումով ավելի բարձր ցուցանիշներ ունենք: Սա պայմանավորված է մեր հարկային եկամուտների՝ պլանավորվածից ավելի ցածր մակարդակով, որը 2024-ին կլինի մոտ 200 մլրդ-ով ավելի ցածր, քան պլանավորված էր»,-ասաց նախարարը: 

Հովհաննիսյանի խոսքով՝ այս առումով կառավարությունը փորձել է զսպել ծախսերի կատարումը, որ հավելյալ խնդիրներ չառաջանան:  

«Այսինքն՝ ծախսերի թերակատարումը, որը մեծամասամբ ընթացիկ ծախսերի ուղղությամբ էր, պայմանավորված է նրանով, որ, եթե նախկինում մենք վերաբաշխումներ էինք իրականացնում և որոշակի միջոցներ ուղղում էինք այլ կարևոր գործողություններ իրականացնելուն, եկամուտների ցածր մակարդակի պատճառով այս գործողությունը թույլ չենք տվել իրականանա, որ մեր կայունության հետ կապված որևէ հարց չառաջանա: Ծախսերի թերակատարումը մասամբ նաև սրանով է պայմանավորված»,-ասաց Հովհաննիսյանը:  

Որոշակի թերակատարում կա նաև դպրոցաշինության ծրագրի հետ կապված: Նախարարի խոսքով՝ նախատեսված էր, որ դպրոցների կառուցման համար մրցույթում հաղթողներին պետք է տրվեին կանխավճարներ, սակայն շատ շինարարներ կանխավճար չեն ուզում, և դրանք չեն տրամադրվել:

Նրա վստահեցմամբ՝ 2025-ին լինելու է դպրոցաշինության աննախադեպ ծավալ, ավելի քան 150 դպրոցի միաժամանակյա կառուցման գործընթաց է լինելու: 

ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2024-ի հունվար-նոյեմբերին կազմել են 2 տրլն 268.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.6% ով կամ 199.2 մլրդ դրամով:ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2 տրլն 501.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 17.3%-ով կամ 368.7 մլրդ դրամով: Սակայն ճշտված պլանի նկատմամբ ցուցանիշները նվազել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում