Ներքին քաղաքականություն

ՀՀ վարչապետի առաջ քաշած թեզը ճշմարիտ է, հակառակն ապացուցելու համար նախկին նախագահները փաստ ու փաստարկ չունեն. Սարգիս Խանդանյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի առաջ  քաշած թեզը ճշմարիտ է, հակառակն ապացուցելու համար նախկին նախագահները փաստ ու փաստարկ չունեն. Սարգիս Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն արձագանքել է ՀՀ նախկին նախագահների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ հակամարտության թեմայով բանավեճի առաջարկը մերժելուն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը թեմայի վերաբերյալ գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Տրամաբանությունը  հուշում է, որ եթե մի հարցի շուրջ ունես համոզմունք և գիտես, որ դու ես ճշմարիտ, պիտի որ հակված լինես իմացածդ, դիրքորոշումդ տեղ հասցնել։

Հիմա հրապարակային առաջարկ ու հնարավորություն կա խոսելու մեր պետության պատմության ամենաառանցքային ու ամենացավոտ հարցի՝ Ղարաբաղյան բանակցային գործընթացի շուրջ և ողջ ճշմարտությունը վեր հանելու կամ հրապարակային դարձած բովանդակությանը հակադրվելու համար, բայց այդ բանակցություններին «փորձագիտական» մակարդակով տիրապետողները փախչում են խոսակցությունից։ 

Նույն տրամաբանությունը հուշում է մեկ բան. վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզը ճշմարիտ է և ակնհայտ, որ հակառակն ապացուցելու համար նախկին նախագահները փաստ ու փաստարկ չունեն»,- գրել է Սարգիս Խանդանյանը: 

Ավելի վաղ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները մեկնարկից ի վեր եղել են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Փաշինյանը թեմայի շուրջ բանավեճի էր հրավիրել նախկին նախագահներին: 

ՀՀ նախկին նախագահների գրասենյակները հերքել են վարչապետի հայտարարությունն ու հրաժարվել բանավեճին մասնակցելու առաջարկից:

Փաշինյանը Հայաստանի նախկին նախագահներին, որոնք իրենց ներկայացուցիչների միջոցով մերժել են այդ թեմայով բանավիճելու առաջարկը, կոչ է արել ևս մեկ անգամ մտածել և օգտվել այդ հնարավորությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում