Հայաստան

ՊՆ «Ուրալ»-ի ողբերգական վթարի գործով նախաքննությունն ավարտվել է. մեքենան եղել է անսարք

3 րոպեի ընթերցում

ՊՆ «Ուրալ»-ի ողբերգական վթարի գործով նախաքննությունն ավարտվել է. մեքենան եղել է անսարք

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Ուրալ» ավտոմեքենայի վթարի գործով նախաքննությունն ավարտվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ վթարի ենթարկված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան երթի է դուրս եկել անսարք վիճակում: 

«2024 թվականի ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան անսարք վիճակում դուրս է եկել երթի և վթարի ենթարկվել:

Մասնավորապես՝ դեպքից առաջ՝ 2024 թվականի ապրիլի 9-11-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Գ.-ն և Հ.Հ.-ն ավտոմեքենայի տեխնիկական խնդիրների վերաբերյալ տեղեկացրել են զորամասի տեխնիկական մասի պետին և զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին, սակայն վերջիններս երթը չթույլատրելու մասով որևէ գործողություն չեն կատարել:

Ավտոհավաքակայանում Վ.Պ.-ն և Ս.Հ.-ն մեքենան փաստացի չեն ստուգել, սահմանափակվել են միայն ձևական գործողություններ կատարելով, ինչի հետևանքով անսարքություններ չեն հայտնաբերվել և թույլատրվել է երթը, որի հետևանքով ավտոմեքենան տեխնիկական անսարքության պատճառով հայտնվել է ձորում:

Վթարի հետևանքով մահացել է 4 զինծառայող, 18 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի, զորամասի տեխնիկական մասի պետի, ավտոմոբիլային ծառայության պետի, զորամասի հրաձգային գումարտակի 2 հրամանատարների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) և զորամասի տեխնիկական մասի հսկիչ-պետի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

2024 թվականի դեկտեմբերի 16-ին քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազություն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում