Տնտեսություն

Արբիտրաժի և Հաշտարարության Հայաստանյան Կենտրոնի (AMCA) 2024 թվականի գործունեության ամփոփում

4 րոպեի ընթերցում

Արբիտրաժի և Հաշտարարության Հայաստանյան Կենտրոնի (AMCA) 2024 թվականի գործունեության ամփոփում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024 թվականը բեկումնային տարի էր Արբիտրաժի և Հաշտարարության Հայաստանյան Կենտրոնի (AMCA) համար։ Կենտրոնը շարունակեց իր նպատակային գործունեությունը, ամրապնդեց միջազգային կապերը և տեղական մակարդակում խթանեց արբիտրաժի և հաշտարարության մշակույթի զարգացմանը։ Տարվա ընթացքում իրականացվեցին նշանակալի նախաձեռնություններ՝ համաժողովներ, համագործակցություններ, կրթական ծրագրեր և միջազգային այցեր։

Միջազգային համաժողովներ՝ որպես փորձի փոխանակման հարթակ

Տարվա կենտրոնական միջոցառումը երկրորդ ամենամյա միջազգային արբիտրաժային համաժողովն էր, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին Երևանում։ Համաժողովի մասնակիցները քննարկեցին արդի թեմաներ՝

  • Արբիտրաժի հնարավորություններն ու մարտահրավերները զարգացող տնտեսություններում
  • Տեխնոլոգիաների ազդեցությունը արբիտրաժի գործընթացների վրա
  • Դատարանների և արբիտրաժի հարաբերությունների դինամիկան
  • Հաշտարարության դերը խիստ հակամարտությունների լուծման գործում։

Համաժողովը ոչ միայն հարթակ էր Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության կարևորությունը ցուցադրելու համար, այլև միջազգային փորձագետներին ներգրավելու և փորձի փոխանակման հնարավորություն ստեղծելու միջոց։

Հուշագրեր և միջազգային համագործակցություն

Միջազգային կապերի ամրապնդման նպատակով AMCA-ն կնքեց համագործակցության կարևոր հուշագրեր, այդ թվում՝ Ամերիկայի արբիտրաժային ասոցիացիայի (AAA), Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնի (AIFC), Jus Mundi-ի, Շվեդիայի արբիտրաժային ինստիտուտի (SCC), Ժամանակակից արբիտրաժի ռուսական ինստիտուտի (RIMA), Միլանի արբիտրաժային պալատի (CAM), Սիլիկոնյան հովտի արբիտրաժային և հաշտարարության կենտրոնի (SVAMC), Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի (VIAC), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Կիպրոսում գործող «Սիմեոն Պողոսյան» ՍՊԸ-ի ու մի շարք այլ կազմակերպությունների և կենտրոնների  հետ։

Այս գործընկերությունը նախատեսում է ոչ միայն փորձի փոխանակում, այլև Հայաստանում ոլորտային մեթոդների և պրակտիկայի կատարելագործում։

Կրթական նախաձեռնություններ և երիտասարդ մասնագետների ներգրավում

AMCA-ն մեծ կարևորություն է տալիս երիտասարդ մասնագետների և ուսանողների հետ աշխատանքին։ Կազմակերպված կրթական ծրագրերը նպատակ ունեին ուսանողներին ծանոթացնել արբիտրաժի և հաշտարարության գործընթացներին, ընդգծելով դրանց դերը ժամանակակից իրավական համակարգերում։ Կրթական այս նախաձեռնությունները ձևավորում են ոլորտի ապագա մասնագետների հենքը։ AMCA-ն իրականացրեց մի շարք դասըթնացներ ու իրազեկումներ նաև ոլորտում գործող փաստաբանների համար։

Հաշտարարության ոլորտի առաջխաղացում

Հաշտարարությունը  2024 թվականի հիմնական ուղղություններից մեկն էր։ AMCA-ն անցկացրեց սեմինարներ և քննարկումներ, որոնց շրջանակում մասնակիցները ուսումնասիրեցին հաշտարարության կիրառական մեթոդներն ու կարևորությունը։ Արդյունքում, Հայաստանում հաշտարարությունը ճանաչվեց որպես վեճերի արդյունավետ և կառուցողական լուծման միջոց։

Նոր նախաձեռնություններ և 2025 թվականի հեռանկարներ

AMCA-ն ունի հստակ ծրագրեր հաջորդ տարիների համար, ներառյալ՝ երրորդ միջազգային արբիտրաժային համաժողովի կազմակերպումը։ Նոր ծրագրերը կներառեն ավելի լայն լսարան և մասնագիտացված կրթական նախաձեռնություններ՝ շարունակելով ամրապնդել Հայաստանի դիրքը տարածաշրջանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում