Հայաստան

Հայասատանը և Իսպանիան քննարկել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Հայասատանը և Իսպանիան քննարկել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ընդունել է Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գործակալության տարածած հաղորդագրությունից, Գրիգոր Ներսիսյանը կարևորել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստան–Իսպանիա համագործակցության ձևավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության իրավունքի կայացման և զարգացման գործում Իսպանիայի ունեցած մեծ ձեռքբերումները: Գործակալության պետն այս առումով բարձր է գնահատել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Իսպանիայի լիազոր մարմնի (AEPD) հարուստ փորձը, որն ավելի քան 30 տարվա պատմություն ունի։

Քրիստինա Կոնեսա Սանչոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու երկրների լիազոր մարմինների միջև համագործակցության ձևավորմանը՝ առաջարկելով գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով երկկողմ այցերի կազմակերպում ու համատեղ ծրագրերի իրականացում:

Գործակալության պետը ներկայացրել է նաև կառույցի կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները՝ հույս հայտնելով նոր ծրագրերի իրականացման գործընթացում տեսնել նաև իսպանական կողմի ներգրավվածությունը։ 

Կողմերը վստահություն են հայտնել, որ հանդիպումը լավ մեկնարկ կլինի ապագա համատեղ նախագծերի և նախաձեռնությունների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում