ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Գինտաուտաս Պալուցկասին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Գոհունակությամբ եմ ուզում նշել մեր երկրների միջև ձևավորված և վերջին ժամանակաշրջանում արագ զարգացող քաղաքական երկխոսության բարձր մակարդակն, ինչպես նաև ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Երախտագիտություն եմ հայտնում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Լիտվայի անվերապահ աջակցության համար:
Բարձր եմ գնահատում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Լիտվայի դիրքորոշումը:
Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կընձեռվի Ձեզ հետ հանդիպելու և համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններին նոր շունչ հաղորդելու համար:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։