Տնտեսություն

ԱՄՆ-ը բարձրացնում է Չինաստանից ներմուծվող որոշ ապրանքների մաքսատուրքերը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը բարձրացնում է Չինաստանից ներմուծվող որոշ ապրանքների մաքսատուրքերը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները 2025 թվականի հունվարի 1-ից բարձրացնելու է Չինաստանից ներմուծվող պոլիկրիստալիկ սիլիցիումի թիթեղների և վոլֆրամի արտադրանքների մաքսատուրքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդվում է ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակի հրապարակած փաստաթղթում։

Ըստ հրապարակման՝ նոր որոշման նպատակն է նվազեցնել Չինաստանից ներմուծման կախվածությունը, որը սպառնում է ԱՄՆ մատակարարման շղթաների կայունությանը։

«Մաքսատուրքերի բարձրացումը խթանելու է ազգային արտադրության ներդրումները և նպաստելու է տեղական արդյունաբերության զարգացմանը»,- նշվում է փաստաթղթում, որը հրապարակվել է ԱՄՆ կառավարության պաշտոնական փաստաթղթերի հրապարակման դաշնային ռեգիստրում։

Նոր տուրքերով վոլֆրամից պատրաստված արտադրանքի, ինչպես նաև՝ չմշակված նյութերի, թիթեղների և թաղանթների համար մաքսատուրքերը կբարձրանան մինչև 25 տոկոս։ Այս միջոցառումները միտված են ազգային անվտանգության պաշտպանությանը և աջակցելու են ռազմավարական ոլորտներին, ինչպիսիք են պաշտպանական արդյունաբերությունը, ավտոմեքենաշինությունը և էներգետիկան։

Միևնույն ժամանակ, արևային մարտկոցների և միկրոչիպերի բաղադրիչների, այդ թվում՝ պոլիկրիստալիկի և սիլիցիումի թիթեղների մաքսատուրքերը կբարձրանան մինչև 50 տոկոս։

Այս որոշումն ընդունվել է ԱՄՆ Առևտրի մասին օրենքի շրջանակներում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում