Մշակույթ

Երևանում ղազախական ֆիլմերի օրեր են

3 րոպեի ընթերցում

Երևանում ղազախական ֆիլմերի օրեր են

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ մեկնարկել են ղազախական ֆիլմերի օրերը: Կինոյի տանը տեղի ունեցած բացման միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և  ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, Հայաստանում ղազախական ֆիլմերի օրերի շրջանակում կինոսեր հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու Ղազախստանի կինոգործիչների՝ վերջին տարիներին ստեղծված և մեծ արձագանք գտած խաղարկային ֆիլմերին:

«Այս գեղեցիկ միջավայրում մեզ համախմբել է Հայաստանի և Ղազախստանի ամուր բարեկամությունը, և ղազախական ֆիլմերի ցուցադրության անցկացումը հրաշալի առիթ է կինոսեր հանրության և հայաստանյան կինոգործիչների համար: Լիահույս եմ, որ այն նաև հիմք կհանդիսանա երկու երկրների կինոգործիչների համագործակցության խորացման և համատեղ ֆիլմերի ստեղծման համար»,- ողջունելով ներկաներին՝ ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` 2024 թվականը հագեցած էր Հայաստանի և Ղազախստանի փոխհամագործակցությամբ իրականացվող միջոցառումներով: Այս տարի Ղազախստանը հյուրընկալել էր Հայաստանի մշակույթի օրերը, որին մասնակցել են Հայաստանի և Ղազախստանի նախագահները, ինչպես նաև մշակույթի ոլորտը համակարգող նախարարները: Ղազախստանի արվեստի և կինոյի ոլորտի մասնագետները Երևանում մասնակցել են «Հիշողության կերպարանքները» և «ՍոլիդԱրտ» միջազգային սեմինարներին:

«Մերօրյա մշակութային համագործակցությունը շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով  արվեստի գրեթե բոլոր ուղղությունները։ Կինոյի, թատրոնի, երաժշտարվեստի գործիչները հաջողությամբ գործակցում են երկու պետություններում անցկացվող փառատոնային և մրցութային հարթակներում։ Համոզված եմ՝ համատեղ միջոցառումները կշարունակվեն նոր ձևաչափերով՝ նպաստելով Հայաստանի և Ղազախստանի մշակութային համագործակցության հետագա զարգացմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը:

Երևանում ղազախական ֆիլմերի օրերը կազմակերպվել են Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում