Հայաստան

ԵՊԲՀ–ում անցկացվող միջազգային գիտաժողովում հայ և արտասահմանցի մասնագետները քննարկում են սեռական առողջությանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՊԲՀ–ում անցկացվող միջազգային գիտաժողովում հայ և արտասահմանցի մասնագետները քննարկում են սեռական առողջությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և արտասահմանցի մասնագետները հավաքվել են Երևանի պետական բժշկական համալսարանում՝ քննարկելու  սեռական առողջությանը վերաբերող հարցեր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բժշկական մայր բուհում դեկտեմբերի 13-14-ն անցկացվում է «Սեռական առողջության մուլտիդիսցիպլինարային ասպեկտները» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի 25-ամյակին: 

Համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ռեկտոր Արմեն Մուրադյանի և ողջ անձնակազմի անունից մաղթեց արդյունավետ քննարկում ու շնորհավորեց ամբիոնի 25-ամյակը: 

Գիտաժողովին մասնակցում են ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք ակտիվ ներգրավված են համալսարանի և՛ ուսումնական, և՛ գիտական, և՛ կլինիկական գործունեության մեջ:

«Կարծում եմ՝ ձեր աջակցությունը և ուղիղ ներդրումը համալսարանի ուսումնական, կլինիկական և գիտական գործունեության մեջ միշտ կնպաստի բուհի բարգավաճմանը և մեր նոր զարգացումների մաս կդառնա»,-ասաց պրոռեկտորը: 

Գիտաժողովին մասնակցում են ոլորտի մասնագետներ նաև Ռուսաստանից, Վրաստանից: Ենկոյանը նշեց՝ մշտապես հաճելի է հյուրընկալել գործընկերներին Ռուսաստանից և Վրաստանից: 

Ժամանակակից տղամարդու առողջության և կյանքի որակի վերաբերյալ բացման դասախոսությամբ հանդես եկավ ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար Վրեժ Շահրամանյանը:  

Գիտաժողովին մասնակցում են սեքսոպաթոլոգներ, հոգեբույժներ, էնդոկրինոլոգներ, նյարդաբաններ, ուրոլոգներ-անդրոլոգներ, գինեկոլոգներ, կլինիկական հոգեբաններ, ալերգոլոգներ, ընտանեկան բժիշկներ, սրտաբաններ, թերապևտներ:  

Միջազգային գիտաժողովի մասնակիցներին կշնորհվի 12 տեսական կրեդիտ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում