Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանձն առնելով շրջակա միջավայրի վրա գործունեության ազդեցությունը նվազեցնելու պարտավորություն՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) թողարկել է Կայուն զարգացման պարտատոմսեր․ ընկերությունը հատուկ միջոցառման ժամանակ ապագա ներդրողներին ներկայացրեց բիզնեսի շարունակական ընդլայնմանն ուղղված իր ծրագրերը և պարտատոմսերի թողարկման մանրամասները։  

Ընկերությունը թողարկել է դոլարային և դրամային պարտատոմսեր ընդհանուր 75 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ Ներգրավված միջոցներն ուղղվելու են ընկերության ռազմավարական առանցքային ուղղությունների զարգացմանը, մասնավորապես բջջային ու ֆիքսված ցանցերի, Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ենթակառուցվածքի ընդլայնմանը, ինչպես նաև վարկերի ամբողջական վերաֆինանսավորմանը։ 

Ողջունելով հյուրերին՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ սա վճռորոշ է Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների արդիականացման ու դեպի կայուն թվային ապագա անցնելու համար։

«Այս պարտատոմսերի թողարկումը ևս մեկ համարձակ քայլ է, որն իրականացնում ենք ֆինանսական և հեռահաղորդակցության ոլորտներում։ Սա ինչպես ներդրում անելու և խնայողություններն արդյունավետ օգտագործելու, այնպես էլ երկրի տելեկոմ ոլորտի զարգացմանը մասնակից դառնալու հնարավորություն է»,-հավելեց նա։

Առաջին սերիայի դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 45 միլիոն ԱՄՆ դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 7.95%, շրջանառության ժամկետը՝ 60 ամիս։ Երկրորդ սերիայի դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 20 միլիոն ԱՄՆ դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ կրկին 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 7.85%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։

Դրամային պարտատոմսերի անվանական ծավալը 3.9 միլիարդ դրամ է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 հազար դրամ,  արժեկտրոնային տոկոսադրույքը`11.5%, շրջանառության ժամկետը՝ 60 ամիս։ Բոլոր սերիաների պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի մինչև 2024թ. դեկտեմբերի 18-ը։

Կայուն պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնում է Ամերիաբանկը։ 

«Team Telecom Armenia-ի՝ Կայուն զարգացման հետ կապված պարտատոմսերի թողարկումն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։ Այն էական նշանակություն ունի բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման հետ կապված խնդիրներն ընդգծելու և դրանց լուծմանն ուղղված միջացառումներ իրականացնելու տեսանկյունից։ Այն կարևոր է նաև ներդրողների համար, քանի որ ընձեռում է այս կարևոր առաքելության իրագործմանը մասնակցություն ունենալու բացառիկ հնարավորություն»,- ասաց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ, Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Պարտատոմսեր ձեռք բերել հնարավոր է MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևը Ամերիաբանկի էլ. հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։

Վերջին երկու տարվա ընթացքում միջազգային ստանդարտներին համապատասխան բնապահպանական կառավարման համակարգ ներդնելու արդյունքում ընկերությունը էականորեն նվազեցրել է իր գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ պարտավորվելով մինչև 2029 թվականը կրճատել արտանետումները 40%-ով։

Միջոցառմանը ներկա էին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գաստյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների, ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Team Telecom Armenia-ի գործընկերները, բաժնետերերն ու թիմակիցները։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ: Պարտատոմսերի տեղաբաշխողն է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲ ընկերությունը։ Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությանը կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում:

 

Team Telecom Armenia-ի մասին

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Հայերեն English

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը