Եվրոպա

Բուլղարիան և Ռումինիան  հունվարի 1-ից կդառնան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ

2 րոպեի ընթերցում

Բուլղարիան և Ռումինիան  հունվարի 1-ից կդառնան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության երկրները որոշում են կայացրել 2025 թվականի հունվարի 1-ից վերացնել վերահսկողությունը Բուլղարիայի և Ռումինիայի հետ ցամաքային սահմաններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։

«Պատմական պահ է վերջապես ողջունել Բուլղարիային և Ռումինիային՝ որպես Շենգենյան գոտու լիիրավ անդամներ: Այս անդամ երկրների հետ և նրանց միջև ներքին ցամաքային սահմաններում անձանց ստուգումների վերացումը եղել է Հունգարիայի նախագահության առաջնահերթությունը, և այսօր մենք դա իրականություն ենք դարձրել: Այս քայլն օգուտ կբերի ոչ միայն Բուլղարիայի և Ռումինիայի քաղաքացիներին, այլև ամբողջ ԵՄ-ին», - ասել է ԵՄ խորհրդում նախագահող Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերը:

Եվրամիությանն անդամակցելուց ի վեր Բուլղարիան և Ռումինիան կիրառել են Շենգենյան օրենսդրության որոշ մասեր, այդ թվում՝ արտաքին սահմանների վերահսկողության, ոստիկանության համագործակցության և Շենգենյան տեղեկատվական համակարգի կիրառման հետ կապված: 2023 թվականի դեկտեմբերի 30-ին ԵՄ խորհուրդը որոշեց կիրառել Շենգենյան համաձայնագրի մնացած մասերը և 2024 թվականի մարտի 31-ից վերացնել անձանց ստուգումները ներքին օդային և ծովային սահմաններում։

Շենգենյան տարածքը ներկայում ընդգրկում է 29 երկիր (27 անդամ երկրներից 25-ը, ինչպես նաև Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Շվեյցարիան) և 420 միլիոն բնակչություն: ԵՄ խորհուրդն իր հաղորդագրության մեջ հիշեցնում է, որ Կիպրոսի հետ ներքին սահմանների նկատմամբ վերահսկողությունը դեռևս չի հանվել, իսկ Իռլանդիան Շենգենյան գոտու մաս չէ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում