Քաղաքականություն

Մենք պետք է բացառենք ատելության խոսքը և ցեղասպանության մտադրություններն ու գործողությունները. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը՝ երևանյան ֆորումի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

Մենք պետք է բացառենք ատելության խոսքը և ցեղասպանության մտադրություններն ու գործողությունները. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը՝ երևանյան ֆորումի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ուղերձ է հղել Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ուղերձում Գուտերեշն ընդգծել է, որ հարկավոր է ուժեղացնել կանխարգելման գործիքները՝ ներառյալ կրթությունը, ինչպես նաև հակազդել ապատեղեկատվությանը, որը կարող է խթանել ատելության խոսքն ու ցեղասպանության մտադրություններն ու գործողությունները: 

 «Այսօր լրանում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 76-րդ տարեդարձը։ Կոնվենցիան, որն ընդունվել է Հոլոքոստի աներևակայելի սարսափների հետևանքով, գրավական է ցեղասպանությունից տուժածներին և վերապրածներին՝ ապահովելու, որ այս վայրագությունները երբեք չկրկնվեն։ Ցավոք սրտի, պառակտումներով, անվստահությամբ և բռնությամբ պատված աշխարհում ցեղասպանության մութ ուրվականը դեռ մեզ հետ է»,- նշել է Գուտերեշը:  

Հանուն ցեղասպանության զոհերի և վերապրածների՝ բոլոր կառավարությունները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պնդմամբ, պետք է վավերացնեն և ամբողջությամբ կատարեն Կոնվենցիան՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին։    

«Մենք պետք է ուժեղացնենք կանխարգելման գործիքները, ներառյալ կրթությունը և հակազդենք  ապատեղեկատվությանը, որը կարող է խթանել ատելության խոսքն ու ցեղասպանության մտադրություններն ու գործողությունները: Մենք պետք է հարգենք և իրականացնենք Արդարադատության միջազգային դատարանի որոշումները Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք վաղ նախազգուշացնող նշանները բացահայտելու և ահազանգելու համար։ Ցեղասպանության զոհերին և վերապրածներին հարգելու լավագույն միջոցն այս դաժան հանցագործությունը կանխելուն ուղղված գործողությունների ակտիվացումն է»,- իր ուղերձում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում