Ցեղասպանությունների թեման դեռևս շատ արդիական է. քննարկում՝ նվիրված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիային

13 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվեց սեմինար-քննարկում՝ նվիրված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեմինար-քննարկումը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Հայաստանի հրեական համայնքի և Երևանի պետական համալսարանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ցեղասպանությունների և այլ զանգվածային հանցագործությունների կանխարգելում» ամբիոնի կողմից, որի ընթացքում բանախոսներ՝ Սուրեն Մանուկյանը, Շուշան Խաչատրյանը և Աստղիկ Ստեփանյանը հանդես եկան ցեղասպանությունների պատմության մաս հանդիսացող տարբեր իրադարձություններին, ինչպես նաև մարդկության զարգացման ընթացքում դրանց ունեցած նշանակությանը վերաբերող զեկույցներով։

Սեմինար-քննարկման սկզբում Երևանի պետական համալսարանի Ցեղասպանագիտության ու այլ զանգվածային բռնությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի ղեկավար Սուրեն Մանուկյանը «Հակասեմիտիզմը մարդկության պատմության մեջ և Հոլոքոստը» վերնագրով զեկույցում հիշեցրեց, որ 2015 թվականի սեպտեմբերին մի խումբ երկրների, այդ թվում՝ նաև Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9–ը հռչակեց որպես Ցեղասպանությունների, հանցագործությունների զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության հարգանքի և այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր։ 

«Ցավոք սրտի, ցեղասպանությունների թեման շատ արդիական է դեռ, և մենք տեսնում ենք, որ երբ 76 տարի առաջ Ռաֆայել Լեմկինի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունում էր Ցեղասպանությունների, ցեղասպանության հանցագործության կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ հույսեր ունեին այդ մարդիկ, ովքեր ոգեշնչում էին այս գործընթացը, ովքեր կանգնած էին իրավական ձևակերպումների հետևում, հույս ունեին, որ չարիքները մնացել են անցյալում։ Բայց, ցավոք սրտի, մենք այսօր՝ 21-րդ դարում տեսնում ենք, որ այդպես չէ, տեսնում ենք, որ վտանգը շատ արդի է։ Մենք տեսնում ենք, որ վտանգը շատ տեսանելի է և մեզ համար՝ շատ ուղղակիորեն։ Մենք տեսնում ենք, որ ցեղասպանությունները՝ որպես քաղաքական նպատակների հասնելու գործիքներ, շատ արդյունավետ են ընկալվում շատ քաղաքական դերակատարների կողմից, շատ քաղաքական գործիչների և ռեժիմների կողմից, և այն, ինչ տեղի ունեցավ մի տարի առաջ Արցախում, սրա պարզ ցուցիչն է», - սեմինար-քննարկման բացման խոսքում նշեց Սուրեն Մանուկյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ ցեղասպանությունները երբեք տեղի չեն ունենում առանց գաղափարական հիմնավորման կամ ուղղակի միայն քաղաքական նկատառումներով, և դրանք ունեն նաև հզոր գաղափարական հիմնավորում, և այդ գաղափարական հիմնավորումը նաև օգնում է ոչ միայն քաղաքականապես իրականացնել ցեղասպանություն, այլև ներգրավել հսկայական մարդկային զանգվածներ։ 

Ներկայացնելով հակասեմականությունը մարդկության պատմության մեջ և Հոլոքոստը՝ Մանուկյանն առանձնացրեց այն հիմնական գաղափարական ասպեկտները, որոնք ընկած են հակասեմականության հիմքում։ «Այն շատ հին գաղափարական ուղղվածություն է։ Դեռևս հին ժամանակներից հրեաների նկատմամբ բացասական վերաբերմունքը, նրանց նկատմամբ կասկածի զգացմունքը տարածված է եղել։ Հետագայում այս ամբողջ գաղափարախոսությունն ավելի տարածվեց քրիստոնեության կրոնի ամրապնդման հետ։ Ի վերջո, այն սկսեց զարգանալ՝ որպես կրոնական գաղափար, և հիմնական շեշտն այն էր, որ հրեաները դիտարկվում էին որպես այլ մարդիկ։ Պատմության ընթացքում մենք տեսնում ենք եկեղեցու բազմաթիվ հայրերի, ովքեր իրենց տեքստերում, իրենց գրություններում ուղղակիորեն մեղադրում են հրեաներին տարբեր մահացու մեղքերի մեջ։ Շատ հետազոտողներ կարծում են, որ սա շատ դեպքերում ոչ թե գաղափարական էր, այլ մի տեսակ՝ մրցակցային։ Ի վերջո, քրիստոնեությունը հուդայականության մեջ տեսնում էր մրցակցի, իսկ հրեաներին համարում էր սատանայի ծառա», - ասաց Մանուկյանը՝ նշելով, որ օրինակ՝ եկեղեցու բողոքական թևը՝ Մարտին Լյութերի գլխավորությամբ, ևս հակասեմական գաղափարներ է ունեցել։

Սուրեն Մանուկյանն, անդրադառնալով իր զեկույցում հակասեմականության մեկ այլ գաղափարական ասպեկտի՝ առանձնացրեց տնտեսական հակասեմականությունը, քանի որ հրեաներն այն երկրներում, որտեղ բնակություն էին հաստատում, դառնում էին  հարկահավաքներ, որովհետև գրագետ են եղել, կարողացել են գրել, կարդալ, արձանագրել հարկերը, և հետևաբար էլ՝ եվրոպական տերությունների շատ ղեկավարներ հրեաներին վարձել են որպես աշխատողներ՝ օգտագործելով նրանց հնարավորությունները ու տրամադրելով նրանց որոշակի առավելություններ։

«Բնականաբար, տեղի բնակչության մոտ դա այդքան էլ լավ չէր ընկալվում։ Մարդիկ սկսում էին ընկալել հրեաներին որպես իրենց կեղեքիչների, հարստահարողների մի խմբի և պարբերաբար փորձում են պատժիչ գործողություններ իրականացնել տեղի հրեաների նկատմամբ․ կոտորածներ, սպանություններ, ունեցվածքի վերաբաշխում»,- ընդգծեց զեկուցողը։ 

Նրա դիտարկմամբ՝ միջնադարը համարվում է նաև համաճարակների դարաշրջան, և հետաքրքիր է, որ համաճարակների ժամանակ սովորական մարդիկ, տեսնելով, որ հրեաների մոտ մահացության տոկոսն ավելի փոքր է,  սա ընկալում էին որպես նշան, որ հենց հրեաներն են տարածում այդ համաճարակները։

«Արևմտյան Եվրոպայի երկրներից աքսորվելուց հետո հրեաները տարիների ընթացքում սկսում են ապաստան գտնել Արևելյան Եվրոպայում։ Արևելյան Եվրոպան համեմատաբար բարյացակամ վերաբերմունք էր ցույց տալիս հրեաներին։ Լեհական և լիտվական իշխանները ողջունում էին հրեաների ներգաղթը, որովհետև օգտագործում էին նրանց հմտությունները՝ որպես հմուտ վաճառականներ, բանկիրներ և արտոնություններ էին տալիս ու պաշտպանության ներքո էին վերցնում։ Ժամանակի ընթացքում հրեաներն Արևելյան Եվրոպայում ստեղծեցին ուրույն մշակույթ, կարևոր սոցիալական և հասարակական դեր ունեցան, որն, իհարկե, հետագայում ոչնչացվեց Հոլոքոստի ժամանակ։ 

Մինչ Հոլոքոստը հրեաները օգտվում են նոր կապիտալիզմի հնարավորություններից և սկսում հարստություն կուտակել, իսկ դա վատ է ընկալվում տեղացիների կողմից։ Այստեղ էլ ծնունդ է առնում նոր դրսևորում՝ քաղաքական հակասեմականությունը»,- ընդգծեց Սուրեն Մանուկյանը։ 

Նրա խոսքով՝ այս ամենը հասկանալով՝ հրեաները գիտակցում են, որ իրենց փրկության միակ ճանապարհը սեփական երկրի ստեղծումն է, որից էլ ծնվել է սիոնիզմը՝ Թեոդոր Հերցլի գլխավորությամբ։

«Հակասեմականությունը դարձավ քաղաքական ծրագիր։ Շատ եվրոպական կուսակցություններ այն որդեգրեցին եւ դարձրին դրոշակ՝ շատ դեպքերում ներքին քաղաքական պայքարում հակառակորդներին մեղադրելով հրեության մեջ, մեղադրելով անհավատարմության մեջ։ Ադոլֆ Հիտլերը շատ լավ օգտագործեց ժողովրդի մեջ ժողովրդական այս գաղափարական ալիքը և հետագայում այն դարձրեց գործիք՝ լայն մարդկային խմբեր ներգրավելով Հոլոքոստի մեջ»,- ասաց Մանուկյանը՝ շեշտելով, որ, ցավալիորեն, այս թեզը շարունակում է գոյություն ունենալ նաև այսօր։

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Շուշան Խաչատրյանը, ներկայացնելով «Հայերի հանդեպ ատելությունը. պիտակավորում, ապամարդկայնացում, «դիվայնացում», բռնությունների և սպանությունների ծիսականացում» խորագրով զեկույցը, նշեց այն հիմնական 10 փուլերը, որոնց միջով անցնում են բոլոր ցեղասպանությունները։

«Առաջին կետը, որից խոսելու եմ, դիվայնացումն է, ապամարդկայնացումը, ժխտումը։ Ապամարդկայնացումը կամ դեհումանիզացիան ցեղասպանությունների ամենաբնորոշ գծերից է, որի հետևանքով թիրախավորված խումբը պետք է կամ պիտի դեմոնիզացվի, դիվականացվի, այսինքն՝ նրան վերագրվեն ոչ մարդկային, ստորակարգ կամ ծայրահեղ բացասական բարոյական գծեր։ Այս իմաստով ընդունված է պիտակավորելը համարել հոգեբանորեն թշնամանքի ստեղծման և ամրապնդման տարրերից մեկը։ Անհիշելի ժամանակներից հայերի նկատմամբ կիրառվում է «գյավուր» տերմինը, ընդ որում՝ ոչ միայն հայերի, այլև, առհասարակ, բոլոր քրիստոնյաների հանդեպ։  «Գյավուր» տերմինը քրիստոնյաների համար էլ էր շատ վիրավորական, մուսուլմանների մեջ էլ էր շատ վիրավորական բան նշանակում։ Հայերը մինչև հիմա գիտեն և գործածում են «քֆուր» բառը։ Սրանք նույն բառերն են։ Պատկերացրեք, որ մի հատվածը մյուսին ասում է՝ դու «քֆուր» ես, այսինքն՝ դու հայհոյանք ես, այսինքն՝ քրիստոնյա անունը հավասար է հայհոյանքի կամ հայհոյիչի, որը նույնն է դառնում։ Լեզվաբանական իմաստով, եթե փորձենք բացատրել, ապա «քըֆըր» արմատը նշանակում է սերմեր ծածկող, հողագործ»,- նշեց Շուշան Խաչատրյանը։ 

Նրա խոսքով՝ եթե թուրքերը Օսմանյան կայսրությունում քրիստոնյաներին կոչել են «գյավուր», ապա քրդերը կոչել են «ֆլա» և շատ տեղերում, հուշագրություններում կարելի է հանդիպել, թե ինչպես են քրդերը հայ երեխաներին «ֆլա» անվանում։ 

«Ռաֆայել Լեմկինը Հայոց ցեղասպանության մանրամասները քննելիս՝ ցեղասպանական մտադրության պահի սկիզբ է տեսնում կրոնական տարբերությունը, հայերի քրիստոնյա լինելը՝ որպես դրդապատճառ, և տեսնում եք, որ այդ սրբազան պատերազմի հայտարարությունների մեջ նաև անհավատ բառն է շատ շրջանառվում, այսինքն՝ քրիստոնյաներին սպանելը խնդիր չի հանդիսացել, ավելին՝ Ալլահին մատուցված ծառայություն է ընկալվել»,- իր զեկույցում նշեց Շուշան Խաչատրյանը։

Սեմինար-քննարկման բանախոս, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում աշխատած Աստղիկ Ստեփանյանը, ներկայացնելով «Ատելության գաղափարախոսությունն ընդդեմ թութսի ժողովրդի և Ռուանդայի ցեղասպանությունը» թեմայով զեկույցը, նկատեց, որ Ռուանդայի ցեղասպանությունը եղել է առաջինը, որն առանձնացել է հատկապես պրոպագանդայի առումով։ 

Նրա խոսքով՝ Ռուանդայի ցեղասպանության կազմակերպման գործում շատ մեծ նշանակություն են ունեցել լրատվամիջոցները․ «Նրանք, հիմք ընդունելով 2 սոցիալական խմբերի միջև տարբերությունը, խորացրին այդ տարբերությունը՝ վերածելով բացարձակ ատելության։ Ռուանդայում առաջին զանգվածային լրատվության միջոցը դառնում է ցեղասպանության իրագործման գործիքներից մեկը՝ կատարելով իշխանությունների հրահանգները»։ 

Զեկուցողի բնորոշմամբ՝ եղել են 3 հիմնական լրատվության միջոցներ, որոնց միջոցով իրականացվել է ցեղասպանական քարոզչություն։ 

«Թութսիների դեմ կրքերը բորբոքել են հոդվածների, ինչպես նաև տարբեր պատկերներով թռուցիկների, ռադիոթողարկումների միջոցով։ Նրանց քարոզչությունը հիմնվում էր, օրինակ, այն գաղափարի վրա, որ եթե հանկարծ թութսիները մի օր նորից իշխանություն վերադառնան, ապա հութիներն, անկասկած, կդառնան բռնության զոհ։ Այն մարդը, որը դեմ էր շարժմանը, միանշանակ դիտարկվում էր որպես թութսիների հանցակից և նրան ոչինչ չէր փրկի»,- նկատեց Աստղիկ Ստեփանյանը։ 

Նրա խոսքով՝ հաջորդ գաղափարախոսությունը եղել է այն, որ մարդը չէր կարող լինել չեզոք կամ ունենալ այլ կարծիք։ 

«Մեկ այլ գաղափարախոսություն էր այն, որ պետության բոլոր ուժային կառույցները՝ ոստիկանությունը, ժանդարմերիան, բանակը սկսում են միանալ թութսիների դեմ պայքարին։ Բացի այդ, լրատվամիջոցները փորձում են հասարակության ներսում տարածել այն գաղափարը, որ մարդիկ ևս շատ կարևոր են, և իրենց օգնական ուժ է պետք՝ հասարակ մարդկանց մղելով պայքարի»,- ասաց Աստղիկ Ստեփանյանը։

 

Հայերեն العربية Русский