Հայաստան

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար: 

Նախարարը կարևորել է համատեղ մշակութային նախաձեռնությունների անցկացումը հնագիտության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման, թանգարանների, երաժշտության, կինոյի ոլորտներում և վստահություն հայտնել, որ առկա է համագործակցության ընդլայնման մեծ ներուժ:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարարը կարևորել է իտալերենի զարգացմանն ուղղված ծրագրերն ինչպես բուհական, այնպես էլ հանրակրթական համակարգում: Անդրադարձ է կատարվել նաև Իտալիայում գործող հայագիտական կենտրոնների գործունեությանը:

Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի համար: Ալֆոնսո Դի Ռոզոյի խոսքով՝ իր համար մեծ պատիվ է եղել Հայաստանում դիվանագիտական առաքելության իրականացումը: Նա նաև ընդգծել է՝ աշխատանքային շատ ինտենիսիվ տարիներ է անցկացրել Հայաստանում, որի ընթացքում իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ՝ ի նպաստ Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների խորացման: 

Անդրադառնալով մշակույթի ոլորտում արդեն իսկ իրականացված ծրագրերին՝ նշվել է, որ Հայաստանի ազգային պատկերասրահում Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ բացվել է «Իտալական արվեստի բեկորները Հայաստանում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են այնպիսի վարպետների գլուխգործոցներ, ինչպիսիք են՝ Դոնատելլոն, Տինտորետտոն, Գուերչինոն, Կանալետոն և Կանովան: Կազմակերպվել է «Պերուջինոյի» պանելների շրջիկ ցուցահանդեսը: Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» ներկայացումը։ Երկու երկրներում անցկացված կինոփառատոներում տեղի են ունեցել հայկական և իտալական ֆիլմերի ցուցադրություններ, իսկ մի շարք հայկական համույթներ, երգչախմբեր և պարախմբեր, ինչպես նաև անհատ կատարողներ պարբերաբար հանդես են գալիս Իտալիայի տարբեր քաղաքներում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին հետագա գործունեության ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում