Հայաստան

«Armenian colors» տրիոյի կատարմամբ հայկական երաժշտության ջազային գույները հնչել են Կատարում անցկացվող Ջազի եվրոպական 8-րդ փառատոնին

4 րոպեի ընթերցում

«Armenian colors» տրիոյի կատարմամբ հայկական երաժշտության ջազային գույները հնչել են Կատարում անցկացվող Ջազի եվրոպական 8-րդ փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաշնակահար Վահագն Հայրապետյանի «Armenian colors» տրիոն դեկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող Ջազի եվրոպական 8-րդ փառատոնին։ «Armenian colors» եռյակը գլխավորում էր Վահագն Հայրապետյանը, թավջութակահարը Արտյոմ Մանուկյանն էր, հարվածային գործիքների առջև Կարեն Քոչարյանն էր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դոհայում անցկացվող ջազ փառատոնը կազմակերպում է «Կատարա» մշակութային հիմնադրամը, որի հետ գործակցությունը «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը սկսել է 2024 թվականի մայիսից, երբ Հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանն այցելել էր Դոհա, այդ թվում՝ «Կատարա» մշակութային հիմնադրամ, հանդիպումներ ունեցել ղեկավար կազմի հետ։ 

«Դրան հաջորդել է վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերը «Կատարա» մշակությաին հիմնադրամի ղեկավարությանը այցելելու Հայաստան, մասնավորապես՝ «Իմ Քայլը» հիմնադրամի կազմակերպած հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսին։ Հենց այդ այցի ընթացքում էլ ձեռք են բերվել մի շարք գործակցության պայմանավորվածություններ, որի արդյունքում, դեկտեմբերի 4-8-ը Կատարում կայանալիք Ջազի եվրոպական փառատոնին հրավիրվել է նաև Հայաստանի ներկայացուցիչը՝ Վահագն Հայրապետյանի «Armenian colors» եռյակը»,- նշել է փառատոնի օրերին Կատարում գտնվող «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը։

Փառատոնը 8-րդն է, բայց Հայաստանն այս հարթակում առաջին անգամ է ներկայանում։ Սա բացառիկ հնարավորություն է՝ ջազային լուծումներով համեմված հայկական երաժշտությունը ներկայացնել նոր երկրում, նոր հանդիսատեսի։ 

«Շատ ուրախ ենք ու հպարտ ենք, որ մեր եռյակով ներկայացնում ենք Հայաստանը։ Ես ինքս տարբեր հարթակներում միայնակ կամ ինչպես այս անգամ՝ բենդով, ներկայացրել եմ Հայաստանը, բայց սա այլ է, «Իմ Քայլը» հիմնադրամի միջոցով այս անգամ հանդիսանում ենք նաև որպես Հայաստանի մշակութային դեսպան։ Քանի որ այս տարի Հայաստանում և ամբողջ աշխարհում նշվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակը, մենք մեզ հետ բերել ենք Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների մեր մշակումները՝ ջազային մեկնաբանությամբ, նաև բերել ենք մեր օրիգինալ ստեղծագործությունները, որից մեկը իմն է և կոչվում է «Խաղաղություն» և շատ ակտուալ է էս պահին»,- դաշնակահար, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Վահագն Հայրապետյանի խոսքերն է մեջբերված Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։ 

Հայաստանը ներկայացնող բենդի ելութը տարբերվող ու բացառիկ էր. Արամ Խաչատրյան, Կոմիտաս, հեղինակային ստեղծագործություններ, բայց ջազի լեզվով, քանի որ Դոհայում հավաքվել էին հենց ջազի սիրահարները։ «Armenian colors» տրիոն, փակելով փառատոնը, արժանացել է հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին։ 

««Իմ Քայլը» և «Կատարա» հիմնադրամների միջև գործակցությունը մեծ հեռանկարներ ունի և Ջազի փառատոնին Վահագն Հայրապետյանի տրիոյի մասնակցությունը միայն առաջին քայլերն են»,- շեշտել է Դավիթ Մկրտչյանը։ 

 «Կատարա» մշակութային հիմնադրամում ամեն տարի անցկացվում են ավելի քան 600 տարբեր մշակութային միջոցառումներ, փառատոններ, ցուցահանդեսներ։ «Կատարա» մշակութային հիմնադրամն ամենամեծն է Կատարում և ծառայում է մեկ նպատակի՝ մարդկանց և երկրների կապը ստեղծել ու ամրապնդել ամենաարդյունավետ՝ մշակույթի և արվեստի միջոցով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում