Հայաստան

Համընդհանուր հայտարարագրման համակարգը Հայաստանից կոռուպցիան արմատախիլ անելու համար է. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Համընդհանուր հայտարարագրման համակարգը Հայաստանից կոռուպցիան արմատախիլ անելու համար է. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է համընդհանուր հայտարարագրման նպատակներից մեկը։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»–ի իր էջում։ 

«Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը հակակոռուպցիոն պայքարի/կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է: 

Բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների հայտարարագրումը հակակոռուպցիոն պայքարի/կոռուպցիայի կանխարգելման կարեւոր բայց ոչ ամբողջական համակարգ է, որովհետեւ կան բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի համատեղ չբնակվող անդամներ, ընկերներ, մոտ եւ հեռավոր ազգականներ, ովքեր կոռուպցիոն ռիսկերի նույնպիսի կրողներ են: 

Հաճախ կոռուպցիայի մեջ էական դերակատարում են ունենում մարդիկ, ովքեր որեւէ պաշտոն չեն զբաղեցնում, դե յուրե կամ հետագծելի ոչ մի կապ չունեն որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Նրանք պարզապես ՀՀ շարքային քաղաքացի են, բայց կոռուպցիայի կարեւորագույն դերակատար: 

Համընդհանուր հայտարարագրման համակարգը նաեւ, բայց ոչ միայն նրանց համար է:  Դա Հայաստանից կոռուպցիան արմատախիլ անելու, կոռուպցիայի նկատմամբ 0 հանդուրժողականության կառավարության եւ ժողովրդի միջեւ Հեղափոխության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության իրագործում է»,֊ գրել է Փաշինյանը։ 

2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։ Այս փուլում տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակն ընդլայնվել է․ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր խմբեր․

1.    2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։

2.    2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։

3.    2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։

4.    2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։

5.    «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։

6.   2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները (վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած (այդ թվում՝ հիփոթեքային) քաղաքացիները չեն ներառվում այս խմբում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում