Երևան քաղաքի ավագանու հունվարի 21-ի արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին ներկա էր ավագանու 26 անդամ, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 33 ձայն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները նիստին չէին ներկայացել։
Քվորումի բացակայության պատճառով նիստը մեկ անգամ ընդմիջվեց 30 րոպեով։ Ընդմիջման ավարտից հետո քվորում կրկին չկար, փոխքաղաքապետը հայտարարեց, որ հիմք ընդունելով կանոնակարգի 71-րդ կետի 2-րդ ենթակետը՝ նիստը համարվում է չկայացած:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հունվարի 21-ին «Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվել էր Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների վճարների վերաբերյալ ավագանու համապատասխան որոշումը կասեցնելու օրակարգով։
Խմբակցության կողմից առաջարկված մեկ այլ նախագծով նախատեսվում էր քննարկել և կասեցնել Երևանում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին որոշման համապատասխան կետերը, որոնք վերաբերում են ավտոկայանատեղիների գործող վճարներին։