Մերձավոր Արևելք

Մուհամեդ ալ-Բաշիրը նշանակվել է Սիրիայի վարչապետի պաշտոնակատար

2 րոպեի ընթերցում

Մուհամեդ ալ-Բաշիրը նշանակվել է Սիրիայի վարչապետի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մուհամեդ ալ-Բաշիրը, որին վստահված է Սիրիայի անցումային կառավարության ձևավորումը, նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնակատար մինչև 2025 թ. մարտի 1-ը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Al Jazeera-ից, այս մասին Մուհամեդ ալ-Բաշիրը հայտնել է հեռուստաուղերձում։

Ավելի վաղ սիրիական ընդդիմության քաղաքական վարչակազմի աղբյուրը Al Jazeera-ին հայտնել էր, որ անցումային կառավարության աշխատանքի ժամկետը կկազմի երեք ամիս։

Աղբյուրը գործադիր իշխանության առաջնահերթություններն է անվանել «հսկողությունն անվտանգության ոլորտում, ծառայությունների մատուցումը և իշխանության աստիճանական անցման ապահովումը»։

Al Jazeera-ի աղբյուրը վստահեցրել է, որ «անցումային կառավարությունը նախադրյալներ կստեղծի մշտական ​​կառավարության աշխատանքի համար»՝ հավելելով, որ «Սիրիայի փրկության կառավարության» նախարարները կշարունակեն իրենց աշխատանքն անցումային կառավարությունում։

Սիրիայի վարչապետի պաշտոնակատար Մուհամեդ ալ-Բաշիրը նախկինում ղեկավարել է «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ստեղծված 2017 թվականին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման և ընդդիմադիր այլ խմբերի կողմից Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ «Սիրիայի փրկության կառավարությունը» ղեկավարում է երկրի հյուսիս-արևմտյան շրջանների մեծ մասը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում