Մերձավոր Արևելք

ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ղեկավարն այցելել է Սիրիայում ամերիկյան ռազմակայաններ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ղեկավարն այցելել է Սիրիայում ամերիկյան ռազմակայաններ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Մայքլ Կուրիլան հանդիպումներ է անցկացրել Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է CENTCOM-ը։

«Այսօր գեներալ Կուրիլան Սիրիայի մի քանի ռազմակայաններում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ ռազմական հրամանատարների, զինծառայողների, ինչպես նաև ԻՊ խմբավորման դեմ պայքարող կոալիցիայի մեր գործընկերների, «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» հետ», - ասվում է X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ։

Կուրիլային զեկուցվել է տարածաշրջանում արագ զարգացող իրավիճակի, ինչպես նաև այն միջոցների մասին, որոնք ձեռնարկվում են՝ թույլ չտալու, որ ԻՊ-ն օգտվի ներկա իրավիճակից։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիրիայում գտնվող ռազմակայաններ այցելելուց հետո գեներալ Կուրիլան մեկնել է Բաղդադ, որտեղ բանակցություններ է վարել Իրաքի ղեկավարության հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը, Սիրիայում արագ փոփոխվող իրավիճակը, ինչպես նաև Իրաքում ԻՊ-ի դեմ ուղղված գործողությունները։ 

Ավելի վաղ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտնել էր, որ նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո ամերիկյան զորքերը կմնան Սիրիայում՝ որպես ԻՊ-ի դեմ ուղղված առաքելության մաս։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում