Հայաստան

Բեռնատարների ներկրման և հետագա համատեղ արտադրության առումով հայ-չինական համագործակցությունը բացում է նոր հեռանկարներ

8 րոպեի ընթերցում

Բեռնատարների ներկրման և հետագա համատեղ արտադրության առումով հայ-չինական համագործակցությունը բացում է նոր հեռանկարներ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մասիս քաղաքի հարևանությամբ տեղի ունեցավ հայ-չինական համատեղ ձեռնարկության՝ «Սինոմոթորս»-ի («SINOMOTORS») նոր համալիրի նախագծի ներկայացումն ու «Սիթրաք» մակնիշի («Sitrak») բեռնատարների ցուցադրությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Սինոմոթորս» ընկերության հիմնադիր Ֆլորա Նիկողոսյանը ներկայացրեց, թե ինչպիսի գործունեություն է իրականացնելու իրենց ընկերությունը։ Նա մասնավորապես հայտնեց, որ «Սինոմոթորս»-ը հանդիսանում է չինական «Սիթրաք» բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որը չինական «Սինոթրաք» ընկերության կողմից թողարկվող բարձրորակ մեքենաների մակնիշն է։

«Մենք կազմակերպել ենք «Սիթրաք» մակնիշի 40 բեռնատարների ցուցադրություն, որպեսզի մեր հասարակությունն ավելի լավ պատկերացում կազմի չինական արտադրանքի մասին։ Մեր գերնպատակն այն կարծրատիպի կոտրումն է, թե իբր չինական ապրանքները լավորակ չեն։ Ճիշտ հակառակը՝ մերօրյա Չինաստանը տեխնոլոգիական հեղափոխություն է իրականացրել, հետևաբար չինական արտադրանքը մեզ ներկայանում է բոլորովին այլ որակով»,- ասաց Նիկողոսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ «Սիթրաք» բեռնատարներն արտադրվել են գերմանական «Ման» ընկերության հետ համատեղ ջանքերով։ Ամբողջը գերմանական է՝ սկսած մեքենաների արտաքին տեսքից, վերջացրած շարժիչով, փոխանցման տուփով, կամրջակներով։

«Մենք համագործակցում ենք նաև բազմաթիվ հայկական ընկերությունների հետ։ Օրինակ՝ «Մոդուս Գրանում» ընկերությունն իր կազմում արդեն ունի ավելի քան 100 «Սիթրաք» մակնիշի բեռնատարներ, որոնք լիովին արդարացնում են իրենց։ Միակ տարբերությունն ավելի ցածր գինն է։ Բեռնատար մեքենաները շատ հզոր են, վարորդների համար հագեցած են բոլոր հարմարություններով։ Ծախսը բավականին քիչ է, ուստի շատ ձեռնտու է բիզնես միջավայրին»,- ասաց «Սինոմոթորս» ընկերության հիմնադիրը։  

Նշված 40 բեռնատարները նույնպես պատկանում են «Մոդուս Գրանում» ընկերությանը, որի գործունեությունը բազմաոլորտ է։ Մեքենաների միջոցով Հայաստան է ներկրվելու հացահատիկ, արտահանվելու են տարատեսակ ապրանքներ։ «Սինոմոթորս»-ի գործընկերը գոհ է տվյալ արտադրանքից, քանի որ իր ամբողջ ավտոպարկը թարմացնում է «Սիթրաք» մակնիշի ավտոմեքենաներով։ Կցորդիչները նույնպես վերջինիս արտադրանքն են։ Նախկինում «Մոդուս Գրանում»-ն ուներ եվրոպական արտադրության տարատեսակ կցորդիչներ, սակայն չինացի գործընկերները կարողացան մշակել այնպիսի տարբերակ, որը հագեցած է պահանջվող բոլոր գործառույթներով, որոնցով օժտված չէին եվրոպական կցորդիչները։ 

Նիկողոսյանը հայտնեց, որ ՀՀ-ում կան նաև այլ ընկերություններ, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերել չինական արտադրության մեքենաների նկատմամբ։ Կա համագործակցություն նաև կառուցապատողների հետ, որոնք ցանկացել են ձեռք բերել ինքնաթափ մեքենաներ և այս փուլում վարում են համապատասխան բանակցություններ։ Հայաստանի բոլոր խոշոր բիզնես կազմակերպությունները հետաքրքրված են և, գնային հարցումներ անելով, ստանում են կոնկրետ առաջարկներ։ Այդ կազմակերպությունների մի մասը նույնպես կատարել է որոշ խմբաքանակի պատվերներ։

«Մեր ընկերության գործունեությունը չի սահմանափակվելու միայն մեքենաների ներկրմամբ։ «Սինոթրաք»-ի հետ պայմանավորվել ենք Հայաստանում հիմնել վերոհիշյալ մակնիշի մեքենաների կցորդիչների արտադրություն, ընդ որում՝ ոչ միայն ինքնաթափ կցորդիչների, այլև տարատեսակ այլ կցորդիչների, ինչպիսիք կցանկանան բիզնես միջավայրի գործընկերները։ «Սինոմոթորս»-ը լինելու է վստահելի գործընկեր հայ տնտեսվարողների համար չինական ապրանքներ ձեռք բերելու գործում»,- հավաստիացրեց Նիկողոսյանը։ 

«Սինոթրաք» ընկերության գլխավոր կառավարչի տեղակալ Ջիաջան Սանը մեզ հետ զրույցում կարևորեց հայկական կողմի հետ համատեղ նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեց կազմակերպված միջոցառման շրջանակում հավուր պատշաճի ներկայացնել իրենց արտադրանքի առավելություններն ու ֆունկցիոնալ գործառույթները։

«Մենք արդյունավետ հանդիպումներ ունեցանք «Սինոմոթորս» ընկերության ներկայացուցիչների հետ, ինչը մեզ ընձեռեց բացառիկ հնարավորություն՝ նրանց ներկայացնելու մեր բեռնատարները։ Նախկինում նրանք օգտագործում էին եվրոպական արտադրության մեքենաները, բայց մենք առաջարկում ենք ավելի մատչելի գներով բարձրորակ բեռնատարներ ու կցորդիչներ։ Հենց սա էլ եղավ ազդակ արդյունավետ համագործակցության համար»,- ասաց պարոն Սանը։ 

Նա հավելեց, որ սա փոխգործակցության առաջին փուլն է, հետագայում նախատեսվում է ՀՀ-ում հիմնել համատեղ գործարան, որտեղ կթողարկվի չինական բրենդի արտադրանքը, և դրանով իսկ համագործակցությունն ավելի կընդլայնվի։ Սրանով չինական ընկերությունը նպաստում է նաև երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը։ Չինաստանից կժամանեն համապատասխան ինժեներներ, հմուտ մասնագետներ, ովքեր կուսուցանեն հայ գործընկերներին։ Հայ մասնագետները նույնպես կմեկնեն վերապատրաստման։ Հետագայում արտադրությունը կհենվի հիմնականում հայկական աշխատուժի վրա։

«Սինոմոթորս» ընկերության համահիմնադիր Լյու Զուսիանգն էլ նշեց, որ սույն իրադարձությունն ավելին է, քան լոկ մեկ համալիրի բացումը, քանի որ խորհրդանշում է մշակույթների միջև ամուր կապը, միջազգային համագործակցության աճն ու գլոբալիզացիայի շարունակական ուղին։ 

«Այսօր մենք ոչ միայն ականատես ենք լինում փոխշահավետ համագործակության, այլև Չինաստանի ու Հայաստանի միջև գործընկերության հաստատման ևս մեկ օրինակի։ Չինական ապրանքներն աշխարհի բոլոր անկյուններում են, ինչը նպաստում է արդյունաբերության արդիականացմանը։ Դա չի սահմանափակվում լոկ տնտեսական շահավետությամբ, այլ օգնում է մյուս երկրներին գտնել նորանոր շուկաներ և զարգացնել սեփական տնտեսությունները։ Չինաստանը բազմաթիվ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի վստահելի գործընկերն է, հետևաբար շահագրգռված է հետագա սերտ համագործակցությամբ՝ լինելով խաղաղության և առաջընթացի կամուրջ։ Տնտեսությունն ու առևտուրը երկրների միջև խաղաղ գոյակցության հիմնաքարերն են, որոնց միջոցով փոխանակվում են ոչ միայն ապրանքներ, այլև գաղափարներ, մշակույթներ ու արժեքներ»,- ասաց պարոն Լյուն։ 

«Սինոմոթորս»-ի նպատակն է շուկայում հանդես գալ բացառիկ կոնցեպտով։ Ընկերությունն իրականացրել է բավականին մեծ ուսումնասիրություն մեքենաների շուկայում՝ ծանոթանալով առկա խնդիրներին։ Հաշվի առնելով սպասարկման և պահեստամասերի սակավության հետ կապված պրոբլեմները՝ որոշվեց ստեղծել խնդիրներին համարժեք արձագանքող և լուծումներ տվող ընկերություն, առավել ևս, որ ամբողջ աշխարը շարունակում է համալրվել չինական բարձրորակ արտադրանքով։ Գերազանց հատկանիշներն ու բարձր մակարդակն արդեն իսկ ցույց են տալիս աշխարհում տարածվածության և պահանջարկի աստիճանը։ «Սինոմոթորս»-ը զբաղվելու է ոչ միայն բեռնատարների, այլև չինական արտադրության մարդատար մեքենաների՝ մասնավորապես էլեկտրոմոբիլների սպասարկմամբ։ Ընկերության միջոցով հայ տնտեսվարողները կարող են ձեռք բերել տարատեսակ սարքավորումներ ու ապրանքներ՝ վստահ լինելով որակի հարցում։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում