Մերձավոր Արևելք

Իսրայելական զորքերը մոտենում են Դամասկոսին՝ սիրիական ռազմակայաններին ավիահարվածներ հասցնելուց հետո

2 րոպեի ընթերցում

Իսրայելական զորքերը մոտենում են Դամասկոսին՝ սիրիական ռազմակայաններին ավիահարվածներ հասցնելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելական զորքերը մտել են Սիրիա և գտնվում են Դամասկոսի հարավ-արևմուտքում՝ մայրաքաղաքից մոտ 25 կմ հեռավորության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել են անվտանգության ուժերում աղբյուրները։

Օրերս Իսրայելը գրավել էր Գոլանի բարձունքներում գտնվող բուֆերային գոտին, իսկ դեկտեմբերի 10-ի գիշերն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի ողջ տարածքում տեղակայված ռազմական օբյեկտներին և ավիաբազաներին՝ ոչնչացնելով տասնյակ ուղղաթիռներ և կործանիչներ, ինչպես նաև Դամասկոսում Հանրապետական գվարդիայի ակտիվները։ Աղբյուրները հայտնել են, որ շուրջ 200 ավիահարվածներից հետո «Սիրիայի բանակի ակտիվներից ոչինչ չի մնացել»։

Իսրայելը հայտարարել է, որ ավիահարվածները կշարունակի մի քանի օր, սակայն միևնույն ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել է, որ չի միջամտի Սիրիայում հակամարտությանը, և որ իր կողմից բուֆերային գոտու գրավումը պաշտպանական քայլ է։

Եգիպտոսը, Կատարը և Սաուդյան Արաբիան դատապարտել են Իսրայելի կողմից բուֆերային գոտու գրավումը։ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ դա «կփչացնի անվտանգությունը վերականգնելու՝ Սիրիայի հնարավորությունները»։

Սիրիայի անվտանգության աղբյուրը հայտնել է, որ իսրայելական զորքերը հասել են Կատանա քաղաք, որն Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքները Սիրիայից բաժանող ապառազմականացված գոտուց 10 կմ հեռավորության վրա է՝ Սիրիայի տարածքում։

Իսրայելի բանակը հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Միևնույն ժամանակ Սիրիայում իշխանության տապալումից հետո զինված ընդդիմությունը անցումային կառավարություն է ձևավորում՝ այդ գործընթացի ղեկավար նշանակելով Մուհամեդ ալ-Բաշիրին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում