Տնտեսություն

Բուսական յուղի աճող գները փոքր-ինչ վեր են մղում ՊԳԿ պարենային ապրանքների նոյեմբերի գնային ինդեքսը

9 րոպեի ընթերցում

Բուսական յուղի աճող գները փոքր-ինչ վեր են մղում ՊԳԿ պարենային ապրանքների նոյեմբերի գնային ինդեքսը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը բարձրացել է նոյեմբերին՝ հասնելով 2023 թվականի ապրիլից ի վեր գրանցված ամենաբարձր մակարդակին, որը 0.5 տոկոսով բարձր է հոկտեմբերի ցուցանիշից և հիմնված է բուսական յուղի միջազգային գների սրընթաց աճի վրա: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։

«ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, այս տարվա հոկտեմբերին միջինում կազմել է 127.5 միավոր, որը 5.7 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ամսվա արժեքից և, միևնույն ժամանակ, 20.4 տոկոսով ցածր 2022 թվականի մարտ ամսին արձանագրված բարձրակետից։

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նոյեմբերին 7.5 տոկոսով գերազանցել է հոկտեմբերի արժեքը՝ նշանավորելով վերջին երկու ամիսների ընթացքում երկրորդ ամենազգալի բարձրացումը և 32 տոկոսով գերազանցելով  նախորդ տարվա արժեքը։ Արմավի յուղի համաշխարհային գներն է՛լ ավելի են բարձրացել, ինչը պայմանավորված է հարավ-արևելյան Ասիայում առատ տեղումների պատճառով սպասվածից ցածր արտադրության հետ կապված մտահոգություններով: Սոյայի համաշխարհային գները բարձրացել են ներմուծումների պահանջարկի արդյունքում, մինչդեռ ռափսի և արևածաղկի յուղի գնանշումներն աճել են, քանի որ գլոբալ մատակարարման հեռանկարների մթագնումն ազդել է դրանց համապատասխան շուկաների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նոյեմբերին պահպանեց իր մագլցող հետագիծը՝ հոկտեմբերից ի վեր ավելանալով 0.6 տոկոսով, ինչի պատճառն ամբողջական կաթի փոշու ներմուծման համաշխարհային պահանջարկի վերականգնումն էր: Կարագի գները նոր ռեկորդային մակարդակի են հասել՝ Արևմտյան Եվրոպայում մեծ պահանջարկի և սակավ պաշարների պայմաններում, իսկ պանրի գները բարձրացել են՝ ի պատասխան արտահանման հնարավորությունների սահմանափակման:

«Նոյեմբերին այլ ենթաինդեքսներով, ևս, գնանկումներ են արձանագրվել։ ՊԳԿ հացահատիկային ապրանքների գնային ինդեքսը 2.7 տոկոսով նվազել է, որը 8.0 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ինդեքսից։ Ցորենի համաշխարհային գները նվազել են ներմուծումների միջազգային պահանջարկի թուլացման և հարավային կիսագնդում դեռևս շարունակվող բերքահավաքից մատակարարումների ավելացման պատճառով: Եգիպտացորենի համաշխարհային գները կայուն են մնացել, քանի որ Բրազիլիայում ներքին մեծ պահանջարկը և Մեքսիկայի՝ ԱՄՆ-ից մատակարարումների պահանջարկը փոխհատուցվել են Հարավային Ամերիկայում բարենպաստ եղանակներով, ուկրաինական մատակարարումների կրճատված պահանջարկով և ԱՄՆ-ում շարունակվող բերքահավաքների հետևանքով սեզոնային ճնշմամբ: ՊԳԿ բոլոր տեսակի բրինձների գնային ինդեքսը նոյեմբերին նվազել է 4.0 տոկոսով, ինչը բացատրվում է շուկայական մրցակցության աճով, բերքի ճնշումներով և արժույթի տատանումներով»,- հայտնում են Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից՝ հավելով, որ ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հոկտեմբերին նվազել է 2.4 տոկոսով, ինչին նպաստել էր Հնդկաստանում և Թաիլանդում մանրացման սեզոնի մեկնարկը, որը մեղմեց Բրազիլիայում շաքարեղեգի բերքի հեռանկարների շուրջ մտահոգությունները, որտեղ վերջին անձրևները բարելավել են հողի խոնավությունը:
 
Նշվում է, որ ՊԳԿ մսի գնային ինդեքսը նոյեմբերին նվազել է 0.8 տոկոսով, հիմնականում Եվրոպական միության երկրներում խոզի մսի ավելի ցածր գնանշումների պատճառով՝ արտացոլելով առատ մատակարարումները և համառորեն զսպվող համաշխարհային ու ներքին պահանջարկը: Ոչխարի մսի և թռչնամսի գլոբալ  գները որոշ չափով նվազել են, իսկ տավարի մսի միջազգային գնանշումները կայունություն են պահպանել. Բրազիլիայից արտահանման գները փոխհատուցվում են Ավստրալիայի ցածր գներով:

Առավել մանրամասն կարելի է կարդալ հետևյալ հղմամբ։

 

Վերջին կանխատեսումներով նվազել է հացահատիկային ապրանքների օգտագործման պատրաստ պաշարների գործակիցը

ՊԳԿ «Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի և պահանջարկի նոր ամփոփագրի» համաձայն՝ 2024 թվականին հացահատիկային ապրանքների համաշխարհային արտադրության շուրջ 0.6 տոկոս նվազում է կանխատեսվում նախորդ տարվա համեմատ՝ հասնելով 2 841 միլիոն տոննայի, որը թեև նվազել է հոկտեմբերին, սակայն պատմության մեջ երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է։

Ակնկալվում է, որ 2024 թվականի համար ցորենի համաշխարհային արտադրանքը հավասար կլինի 2023 թվականի ցուցանիշին՝ 789 միլիոն տոննա, իսկ եգիպտացորենի արտադրանքն, ըստ կանխատեսումների, նախորդ տարվա համեմատ 1.9%-ով կնվազի՝ մինչև 1 271 մլն տոննա, ինչը կապված է Եվրոպական միության երկրներում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում սպասվածից ցածր բերքի հետ: 2024-2025 թթ. բրնձի համաշխարհային արտադրության համար ՊԳԿ կանխատեսումը փոքր-ինչ փոխվել է՝ ցույց տալով տարեկան 0.8 տոկոսի աճ և 538.8 միլիոն տոննա ռեկորդային ցուցանիշ:

2025 թվականին ցորենի ավելի զուսպ գները կարող են խանգարել հյուսիսային կիսագնդում ընթացող ձմեռային ցորենի բերքատարածքների ընդլայնմանը: Ռուսաստանի Դաշնությունում ցորենի աճեցման հիմնական շրջաններում նորմայից ցածր տեղումները հանգեցրել են հողի խոնավության ցածր մակարդակի, ինչն անդրադարձել է ցանքի աշխատանքների վրա: Ի հակադրություն, Չինաստանում և Հնդկաստանում հողի բարենպաստ խոնավությունը և պետական ​​աջակցության քաղաքականությունները, զուգորդվելով շահավետ գների հետ, կարող են խթանել տնկարկների ընդլայնումը:

«Հարավային կիսագնդում կերային հացահատիկային մշակաբույսերի ցանք է ընթանում: Վաղ դրսևորվող նշանները վկայում են Արգենտինայում եգիպտացորենի ցանքերի նվազման մասին՝ պայմանավորված չոր եղանակային պայմաններով և մորեխների միջոցով փոխանցվող հիվանդության ռիսկով: Բրազիլիայում վաղ ցանքի մտադրությունները, որոնց խրախուսում են վերականգնված առատ տեղումները, եգիպտացորենի միևնույն տարածքն են մատնանշում 2025 թվականի բերքի համար: Հարավային Աֆրիկայում նախնական ակնկալիքները վկայում են սպիտակ եգիպտացորենի ցանքի ավելացման մասին, ինչը պայմանավորված է ռեկորդային գներով և փոխհատուցվում է դեղին եգիպտացորենի տարածքի կրճատմամբ: 

Կանխատեսվում է, որ 2024-2025 թթ. հացահատիկային ապրանքների համաշխարհային սպառումը 0.6 տոկոսով կաճի՝ հասնելով 2 859 միլիոն տոննայի և հանգեցնելով բրնձի ու ցորենի սպառման ակնկալվող ավելացմանը: Հոկտեմբերից հետո կատարված հանգամանալից վերանայման արդյունքում այժմ կանխատեսում է, որ հացահատիկային ապրանքների համաշխարհային պաշարներն իրենց բացման մակարդակից կկրճատվեն 0.7 տոկոսով, ինչը կհանգեցնի հացահատիկային ապրանքների օգտագործման պատրաստ պաշարների 30.1 տոկոսի՝ 2024-2025 թթ. համար։ Չնայած սա ցածր է նախորդ տարվա 30.8 տոկոսից, սակայն դեռևս «մատակարարման հարմարավետ մակարդակ» է մատնանշում:

Հացահատիկային մշակաբույսերի միջազգային առևտուրը 2024-2025 թվականների ներկա կանխատեսումներով 484 միլիոն տոննա է կազմում, որը 4.6 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Ակնկալվում է, որ ցորենի և եգիպտացորենի համաշխարհային առևտրի ծավալները կնվազեն, մինչդեռ բրնձի առևտուրը կանխատեսվում է աճել»,- կանխատեսում են ՊԳԿ-ում՝ առաջարկելով թեմային առավել մանրամասն ծանոթանալ հետևյալ հղմամբ։ 

ՊԳԿ գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգը, (ԳՇՏՀ) ևս թողարկել է իր «Շուկայի մոնիտոր» ամենամսյա պարբերականը, որտեղ, ի լրումն մշտական վերլուծության, ներկայացվել են 2024 թվականի գյուղատնտեսական ապրանքների շուկաները և քննարկվել անորոշությունները, որոնք կարող են ազդել ապրանքների համաշխարհային շուկաների վրա 2025 թվականին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում